Վանաձորում բնակվող Բաղդասարյանների 5 անձից բաղկացած ընտանիքն ապրում է Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի հարակից դաշտում տեղակայված մի փոքրիկ վագոն-տնակում՝ տնակ, որն անգամ իրենցը չէ: Ռուզաննա Սարգսյանն արդեն 8 տարի ամուսնու՝ Արթուր Բաղդասարյանի, և 3 անչափահաս զավակների հետ բնակվում է տնակում, որն իրենց է տրվել տնակի տիրոջ անասուններին պահելու և նրանց խնամքով զբաղվելու պայմանով: Այժմ տնակի սեփականատերը վաճառել է անասուններին, հետևաբար վաճառքի դնելով նաև վագոն-տնակի տարածքը՝ հովվի անհրաժեշտություն չունենալու պատճառով: 3 փոքրիկներից 2-ը տղաներ են, օգնում են հորը հովվություն անելու
գործում։ Ամեն օր նրա հետ միասին ու նրան հավասար այս փոքրիկներն աշխատում են, որպեսզի կարողանան գոնե վառելիքի հարցով օգնել ծնողներին ու աթար, պլաստմասե տարաներ, ստվարաթղթե արկղեր ու այն ամենը, ինչից հնարավոր է վառելիք ստանալ, տուն բերել:

Ընտանիքի հայրը առողջական խնդիրների ունի: Առողջական նմանօրինակ խնդրով հանդերձ՝ նա հովվություն է անում 3 անասունի, որոնցից 2-ը տնակի սեփականատիրոջն են։ Մեկ կովին ողջ ամիս պահելու դիմաց ստանում է 3000 դրամ գումար, դրան էլ գումարած՝ 34000 դրամ ընտանեկան նպաստը:
Ընտանիքի բնակարանային պայմաններն անգամ բավարար չեն երեխաների հոգսերը հոգալու համար. տնակը չունի ջուր, գազ, կոմունալ հարմարություններ, վառելիքի խնդիրը լուծում են՝ երեխաների բերած աթարն ու հավաքված պլաստմասե շշերն ու արկղերը վառելով:

3 անչափահաս փոքրիկների համար հագուստը տալիս են հարևանները՝ իրենց երեխաների փոքրացած շորերը տրամադրելով: Բացի այդ, վագոն-տնակը հարակից տարածքով այսօր դրված է վաճառքի, և ամեն րոպե այս ընտանիքը 3 երեխաների հետ միասին կարող է հայտնվել ուղղակի փողոցում՝ մնալով առանց կացարանի ու տանիքի: Ընտանիքի փոքր տղան՝ 8-ամյա Արսենը, շատ է սիրում նկարել, երազում է նկարիչ դառնալ, սակայն չունի նկարչական պարագաներ, անգամ՝ նկարչական ալբոմ ու մատիտներ, նկարում է պատահական ստվարաթղթե արկղերի մնացորդների ու գրված թղթերի կտորների վրա: Երեխաները չունեն նաև գրենական պիտույքներ ու խաղալիքներ:

Մեծ որդին՝ 10-ամյա Արտակը, երազում է ոստիկան դառնալ, իսկ ընտանիքի ամենակրտսերը՝ 3-ամյա Անահիտը, ոչինչ չէր խոսում, միայն ուշադիր լսում էր եղբայրներին ու ժպտում՝ մանկական պարզամտությամբ: Բաղդասարյանների ընտանիքն այսօր, հիրավի, ունի բոլորիս օգնության ու աջակցության կարիքը: Փորձենք միասին ձեռք մեկնել ու օգնել այս ընտանիքին ոտքի կանգնելու և երեխաների համար քիչ թե շատ բարեկեցիկ ու ապահով ապագա ստեղծելու գործում: Առաջին խնդիրը, որի առաջ կանգնած է ընտանիքը, կացարանի անհրաժեշտությունն է, թեկուզև վարձով, միայն թե ապրելու տեղ լինի, իսկ բնակարանի վարձը Վանաձորում այնքան մատչելի է…

Նշված ընտանիքին օգնելու համար ՎՏԲ Հայաստան բանկում բացվել է հաշվեհամար

AMD 16036013869903
USD 16036013869904
EUR 16036013869905
RUR 16036013869906:

Հաշվեհամարի պատասխանատու՝ Էդվարդ Արզումանյան

Նշված ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 055 36 00 82
հեռախոսահամարով: