ԳԱԼԱ-ն իր ընթերցողին տեղեկացրել ենք, որ Արցախի Հանրապետությունում մեր նկարահանող խումբը հանդիպել և տարբեր հարցերի շուրջ զրուցել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հարցազրույցի մի քանի հարցերի պատասխաններ արդեն ներկայացվել են: Երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական հարցերից բացի մեր լրագրողը հարցրել է նաև Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացից, ի՞նչ փուլում է այն, և Մինսկի խմբի շրջանակներում հարցի կարգավորումը որքանով է հավանական՝ ըստ Բակո Սահակյանի:

-Պարոն Սահակյան, գրեթե միշտ խոսվում է, թե Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում բանակցային սեղանի շուրջ ինչ պատճառով Արցախյան իշխանությունները չեն նստում: Տարբեր մարդկանց կողմից այս հարցը տարբեր կերպ է մեկնաբանվում, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:

-Մենք հնարավորություն ենք ունենում բանակցությունների խանգարված ձևաչափի պայմաններում ներկայացնել մեր տեսակետը, այսօր հիմնական միջազգային հանրության կողմից լիազորված կառույցը ԵԱՀԿ մինսկի խումբն է, և մենք, չլինելով այս պահի դրությամբ բանակցությունների լիարժեք կողմ, այնուամենայնիվ օժտված ենք հնարավորությամբ նրանց հետ հանդիպելու, և այդ հանդիպումների ընթացքում ներկայացնում ենք մեր հիմնական պահանջը՝ ասելով, որ անհնարին է հաջողության հասնել բանակցություններում առանց Արցախի Հանրապետության մասնակցության, և գտնում ենք, որ ոչ թե դժվարին է լինելու լուծում գտնելու այս հիմնախնդրի համար, այլ անհնարին է առանց մեր մասնակցության վերջնականապես այս հիմնախնդիրը լուծելու: Ես ոչ միայն կարծում եմ, այլ համոզված եմ, որ մեր տեսակետը ընկալվում է Մինսկի խմբի համանախագահների կողմից: Ընդհանրապես միջազգային հանրության կողմից լիազորված կառույցների աշխատանքին բավականին հարգանքով ենք վերաբերվում և հատկապես Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, և գտնում ենք, որ այս հարաբերական խաղաղությունը ձեռք է բերված նաև նրանց գործունեության շնորհիվ, ես միշտ նշում եմ, որ կողմերը պիտի որ երախտապարտ լինեն այն բոլոր կառույցներին, որոնց գործունեության շնորհիվ ձեռք է բերվել այս հարաբերական խաղաղությունը: Բայց այդ ամենի հետ մեկտեղ նաև ավելացնում եմ, որ նրանք պիտի հաշվի առնեն մի կողմից մեր այդ հարգալից վերաբերմունքը, մյուս կողմից այն, որ անհնարին է այս ձևաչափի շրջանակներում վերջնական լուծում գտնել այս հիմնախնդիրը կարգավորելու համար:

-Այսինքն ի նկատի ունեք Մադրիդյան սկզբունքնե՞րը:

-Լինեն Մադրիդյան սկզբունքները, լինեն այլ սկզբունքներ, որոնք հետագայում կծնվեն, և մենք նշում ենք, որ բոլոր այդ առաջարկությունները բոլոր փուլերում պիտի քննարկվեն մեզ հետ, և համոզված եմ, որ կգա ժամանակ, որ էդպես էլ կլինի:

-Պարոն Սահակյան, Արցախյան հիմնահարցի մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ Արցախյան պատերազմին մասնակցած ազատամարտիկների խնդրին: Նրանք բողոքում են իրենց սոցիալ-տնտեսական վիճակից, մարտական շքանշաններն են հանձնում: Ի՞նչ է նշանակում այս ամենը:

-Ոչ միայն ազատամարտիկների հետ կապված, այլև մենք ունենք մեր հայրենիքում (ես ի նկատի ունեմ և Հայաստանում, և Արցախում), ունենք խնդիրներ, որոնք իրենց նշանակությամբ պետք է մեր կողմից դիտվեն առաջնային նշանակության խնդիրներ, և այդ պայմաններում ոչ միայն ազատամարտիկներն են, մենք ունենք բնակչության տարբեր խմբեր, ովքեր այս պահի դրությամբ չունեն անհրաժեշտ պայմաններ, և մեր գործունեությունն ուղղված է, որպեսզի առաջին հերթին այդ խմբերի ներկայացուցիչներն ունենան անհրաժեշտ պայմանները, և համոզված եմ, որ թե ՀՀ-ում, և թե Արցախում մենք կգտնենք այդ լուծումները, և մեր ազատամարտիկները և մյուս խմբերի ներկայացուցիչները ստիպված չեն լինի բողոքելու իրենց սոցիալական և կենցաղային պայմանները բարելավելու համար:

Հարցազրույցը՝ Հերմինե Մկրտչյանի