Lragir.am. Երեկ բոլոր հեռուստաընկերությունները ջանասիրաբար հաղորդում էին hունիսի 19-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ պատժախցում ցմահ դատապարտյալ Մանվել Հազրոյանի “ինքնասպանության” մասին պաշտոնական տեղեկատվությունը' հիմնավորելով. “աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար նրա նկատմամբ կիրառվել էր կարգապահական տասնօրյա տույժ”: 22-ամյա նախկին զինծառայողը ներկայացվում էր որպես խիստ վտանգավոր հանցագործ, որի մահվան մասին լուրն այլևս որևէ մեկին չպիտի հետաքրքրի:
Ինչպես և ինչու է Հայտնվել Հազրոյանը պատժախցում, որին հաջորդել է “ինքնասպանությունը”'սահմանված 10-ն օրյա պատժի ավարտին:
Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Նուբարաշեն ՔԿՀ թիվ 75 խցում բնակվող երիտասարդի մոտ մինչև պատժախցում հայտնվելը հոգեկան առողջական խնդիրներ են առաջացել: Նրան երկու անգամ բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո ցմահ դատապարտյալը խնդրել է իրեն տեղափոխել թիվ 82 խուց, սակայն վերջինիս կամքին հակառակ նրան տեղափոխել են ցմահ դատապարտյալների շրջանում հայտնի որպես “անհաջող ”թիվ 86 խուցը, որտեղ կոնֆլիկտային իրավիճակն անխուսափելի է եղել: Որպես հետևանք ՔԿՀ-ն արձանագրել է “աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելը” ձևակերպումը և 22-ամյա Մանվել Հազրոյանին պատժի ենթարկել' տեղափոխելով նրան պատժախուց:
Դժվար է պատկերացնել' օրեր առաջ հոգեկան խնդիրներ ունեցող երիտասարդին պատժել և դատապարտել մենության' անմարդկային պայմաններով հայտնի այս պատժախցում: Մանվել Հազրոյանը նախ դարձավ բանակում տիրող բարքերի զոհը, իսկ նրա նկատմամբ վերաբերմունքը ՔԿՀ-ում նախորդի տրամաբանական շարունակությունն է:
Նա բանակ էր զորակոչվել հայրենիքին ծառայելու և ոչ թե հանցագործության մասնակից դառնալու: Հազրոյանի ճակատագրի համար ամբողջությամբ պատասխանատու է ՊՆ համակարգն ու պետությունը'գերագույն գլխավոր հրամանատարի հետ միասին:
Ըստ մեղադրանքի' Հազրոյանը զինվորական ծառայության ընթացքում միայնակ կրակել և սպանել էր իր 4 ծառայակիցներին և վիրավորել 3-ին, այդ թվում նաև ինքն իրեն: Բանակն այսպիսով հայտնաբերել է միակ հանցագործին և հետ քաշվել, այն դեպքում, երբ կատարվածի համար պատասխանատու է ամբողջ զինվորական վերնախավը:
22-ամյա տղային պարբերաբար բռնությունների են ենթարկել ձերբակալության պահից սկսած, հետո արդեն դատարանի դահլիճում, և նա իր մահկանացուն կնքեց արդեն բանտում' անհասկանալի պայմաններում և իրավիճակում:
Ժաննա Ալեքսանյան