168.am. «Անբարոյական երկրներ», «Հայաստան», «լինել կույս, թե չլինել», «ժողովուրդ, ահավոր ա…»: Ֆեյսբուք սոցիալան ցանցում այսօր հանդիպած նմանատիպ շոկային բառերը և արտահայտությունները կապված էին ամերիկյան մի հայտնի մեդիա ընկերության' Բլումբերգի անվան հետ: Պարզվեց, որ վերջինիս վերլուծական կենտրոնն անցկացրել է ինչ-որ հարցում, որում կա անդրադարձ նաև Հայաստանին: Բնականաբար, փորձեցինք պարզել, թե ինչի մասին է խոսքը: Առաջին հայացքից' դատելով հայալեզու և ռուսալեզու որոշ լրատվական կայքերի թարգմանություններից'Բլումբերգը բացահայտել է, թե որոնք են աշխարհի «ամենաանբարոյական» երկրները, և Հայաստանն էլ, ոչ ավել, ոչ պակաս, զբաղեցրել է չորրորդ տեղը: «Հայաստանը Բլումբերգի դասակարգման մեջ զբաղեցրել է չորրորդ տեղը' այլասերվածության աստիճանով»,- գրել է կայքերից մեկը: Մի կողմ թողնենք այն հարցը, թե որքանով են ամերիկյան վերլուծական կենտրոնի ուսումնասիրությունները հավաստի կամ ինչ նպատակ է հետապնդել Բլումբերգը' այն հրապարակելիս, եթե իհարկե որևէ նպատակ եղել է: Այստեղ կարծես թե ավելի կարևոր խնդիր կա. անհրաժեշտ է առաջին հերթին պարզել, թե կոնկրետ ինչն է ուսումնասիրել վերլուծական գործակալությունը և որ չափանիշներով: Ռեյտինգի համար ընտրվել է 4 չափանիշ' 1. միջին հաշվով որքան ալկոհոլ է օգտագործում երկրի չափահաս քաղաքացին, 2. միջին հաշվով որքան ծխախոտ է օգտագործում երկրի չափահաս քաղաքացին, 3. ազարտային խաղերից գոյացած գումարը երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) քանի տոկոսն է կազմում, 4. տվյալ երկրում թմրանյութերի տարածվածության չափը: Ոսումնասիրության համար ընտրվել են 57 երկրների 15-ից 64 տարեկան քաղաքացիներ: Այս դեպքը հերթական անգամ ցցուն կերպով ցույց տվեց, թե հայ հասարակությունը որքան մեծ, իսկ հաճախ էլ' անհարկի ուշադրություն է հատկացնում արտասահմանյան այս կամ այն «հեղինակավոր» կազմակերպության ուսումնասիրությանը կամ սուբյեկտիվ, իսկ երբեմն էլ ակնհայտորեն քաղաքականացված հրապարակմանը և գնահատականին: Ոչ պակաս ուշագրավ է, որ այս դեպքը ի հայտ բերեց որոշ լրատվամիջոցների, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ լինելը և դրանց բացասական ազդեցությունը հասարակական տրամադրությունների վրա: Սա սովորական դարձած երևույթ է հայկական մամուլում. կայքերից մեկը ինչ-որ տեղից գտնում է կամ թարգմանում է մի ինֆորմացիա, և մյուսները, առանց ինֆորմացիայի սկզբնաղբյուրի մեջ խորասույզ լինելու, copy-paste սկզբունքով արագորեն այն հրապարակում են: Պահպանելով լրագրողական էթիկայի կանոնները' չենք ուզում որևէ անուն նշել, այնուամենայնիվ չափազանց հետաքրքիր է, թե ինչ բարոյական չափանիշներով են շարժվել որոշ լրատվամիջոցներ, որոնք Հայաստանի անվան կողքին առանց տարակուսանքի դրել են «անբարոյական» բնորոշումը' առանց պարզելու դրա իսկությունը կամ պատճառները: Կխուսափենք «հայրենասիրություն» տերմինից, սակայն, կարծես թե, իսկապես քաղաքացիական գիտակցության ակնհայտ պակաս կա: Բլումբերգի ուսումնասիրության դասակարգումը վերնագրված է ոչ թե «ամենից այլասերված» կամ «ամենից անբարոյական երկրները», այլ, ուշադրությո´ւն, «ամենաշատը դեպի արատավոր երևույթները հակված երկրները» (անգլերեն' Most prone to vice: Countries): Սա ամենևին էլ դժվար չէ տարբերակել (եթե, իհարկե, տիրապետում ես անգլերենին), քանի որ «անբարոյական» բառը անգլերեն թարգմանվում է «immoral»: Իսկ «vice» բառն ավելի շատ ունի «վատ», «արատավոր» կամ «վնասակար» իմաստները: Իսկ եթե դիտարկենք Բլումբերգի գործադրած չափանիշները, ապա պարզ է դառնում, որ խոսքը տվյալ երկրներում վնասական երևույթների նկատմամբ հակումների մասին է: Մյուս կողմից'պետք է նկատենք' եթե Բլումբերգի տվյալները համապատասխանում են իրականությանը, ապա սա ինքնին մտահոգիչ փաստ է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու և առաջին հերթին իշխանությունների համար, երբ օրինակ' Հայաստանում միջին հաշվով մեկ շնչին բաժին ընկնող ալկոհոլի չափը տարեկան կազմում է 13.6 լիտր։ Մեկ այլ ուշագրավ հարց է մոլեխաղերին վերաբերող ցուցանիշը։ Բլումբերգը հաշվարկում է, թե տարեկան կտրվածքով մոլախաղերում պարտված ընդհանուր գումարը ՀՆԱ-ի քանի տոկոսն է կազմում։ Հայաստանում այդ ցուցանիշը գնահատվել է 1.65%։ Այս ցուցանիշով մեզնից ավելի վատ վիճակում գտնվում է միայն Ֆիլիպինները՝ 1.79% ցուցանիշով։ Ի դեպ, սա առանձին' տնտեսագիտական ուսումնասիրության թեմա է: Սակայն համաձայնեք, որ սրանք մի փոքր սուբյեկտիվ և հարաբերական չափանիշներ են' երկրի բնակչության անբարոյականությունը աստիճանը որոշելու համար, քանի որ, օրինակ, նույն մոլախաղերի վերաբերյալ դասակարգումը, որտեղ Հայաստանը երկրոդ ցուցանիշն ունի, այս դեպքում խոսում է ավելի շատ ոչ թե երկրի բնակչության բարոյական, այլ տնտեսության ոչ բարվոք (կամ միգուցե անբարոյակա՞ն) վիճակը: «Աշխարհը փոխվել է», «մարդիկ փոխվել են», «էլ առաջվանը չի», «էս ինչ սերունդ ա մեծանում». այս և նմանատիպ տեսակետները ժամանակակից աշխարհում ինչ-որ առումով կարող են վերագրվել ինչպես Հայաստանին, այնպես էլ աշխարհի ցանկացած այլ պետությանը: Սակայն համոզված ենք, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության համոզմամբ' իրական բարոյականության չափող չափանիշներ ընտրելու դեպքում նման դասակարգման պատվավոր տեղերում կհայտնվեր ոչ թե Հայաստանը, այլ օրինակ' Բլումբերգի հիմնադիրների և մասնագետների հայրենիքը' Միացյալ Նահանգները: Սա, ի դեպ, նույնքան սուբյեկտիվ կարծիք է, որքան ցանկացած «հեղինակավոր» կազմակերպության հրապարակած «հեղինակավոր» ուսումնասիրությունը' սկսած Հայաստանում «լավ կազմակերպված» ընտրությունների վերաբերյալ զեկույցներ կազմող եվրոպացի դիտորդներից' մինչև տարբեր երկներում մարդկանց արատավոր հակումները չափող բլումբերգյան մասնագետները:
Հ.Գ. Բլումբերգի աղյուսակում 1-ին տեղն է զբաղեցրել Չեխիան, Ռուսաստանը 8-րդ տեղում է, ԱՄՆ-ը' 16-րդ, Թուրքիան' 49-րդ, իսկ «վնասակար կամ արատավոր հակում ունեցող» երկրների դասակարգման մեջ վերջին' 57-րդ տեղն է գրավել Զամբիան:
Արամ Սարգսյան