ԳԱԼԱ. Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Սեդրակյանի և մյուսների գործով դատավարության ընթացքում շարունակվել է միջնորդությունների փուլը: Վարդան Սեդրակյանը նորից հանդես է եկել իր խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ, սակայն դատավոր Գագիկ Պողոսյանն անգամ քննարկման չի դրել այն և ամբաստանյալին բացատրել է, որ երկրորդ անգամ առանց նոր փաստերի միջնորդություն « չի կարելի » ներկայացնել, իսկ եթե ներկայացվում է, ապա անհրաժեշտ է դատարանին ապացուցել, որ կա դրա անհրաժեշտությունը կամ ներկայացնել գործի հետ կապված նոր հանգամանքեր: Դատավորի հարցին, թե արդյոք Սիրունյանի հետ համաձայնեցված էր Սեդրակյանի միջնորդությունը, և արդյոք վերջի՞նս էր խորհուրդ տվել ամբաստանյալին ներկայացնել այն, Սիրունյանն ասել է, որ ինքը պարտավոր չէ որևէ կերպ դատարանին հայտնել, թե ինչ է ասել իր պաշտպանյալին:

Միջնորդությունը քննարկման չդնելուց հետո Սեդրակյանը դատավորին մեղադրել է իրեն անմեղ տեղը բանտում պահելու մեջ, որին դատավորը պատասխանել է. «Նախ, ես չեմ ձեզ բանտում պահողը, երկրորդ՝ հետևեք ձեր խոսքերին»:

Միջնորդություններով հանդես է եկել նաև Պողոսյանի պաշտպան Ավետիսյանը: Միջնորդությունները ներկայացնում ենք ըստ հերթականության.

Պաշտպանը միջնորդեց նշանակել.

1.Կենսաբանական փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերված արյան հետքերը իսկապես արյան հետքեր են և պատկանում են Հայրիկյանին:

2 Դատատեխնիկական փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք մեքենան, որին դիպչել է Հայրիկյանը դեպքի օրն ու ընկել ասֆալտին, ունեցե՞լ է հակաառևանգման համակարգ, այն ինչ ուժգնության հարվածի դեպքում է միանում, դեպքի օրը սարքին է եղել, և արդյոք դրա վրա այժմ փոփոխություններ եղել են. պաշտպանը իր միջնորդությունը հիմնավորեց այն հանգամանքով, որ գործով բոլոր վկաները, այդ թվում և մեքենայի սեփականատերը, դատարանում ցուցմունք են տվել, որ չեն լսել մեքենայի հակաառևանգման համակարգի ազդանշանն այն դեպքում, երբ ամբաստանյալ Պողոսյանը պնդում է, որ այն միացել է:

3 Ապրանքագիտական փորձաքննություն՝ պարզելու համար Սեդրակյանի կողմից Հարությունյանին վաճառված մեքենայի տեխնիկական վիճակը գնելու պահին և դրա վերանորոգումից հետո մեքենայի արժեքը: Պաշտպանը առաջ քաշեց դատավարության բոլոր կողմերին անհասկանալի մի վարկած այն մասին, որ Սեդրակյանը գուցե մեքենան տվել է Հարությունյանին՝ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի դիմաց այն դեպքում, երբ քրեական գործի ընթացքում նման հանգամանք չի քննարկվել առհասարակ:

4 Դատաբժշկական, դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք Պողոսյանի պահանջով վերջինիս կնոջ կողմից նախաքննական մարմնին հանձնված ատրճանակով, որը ժանգոտվածէ եղել, հնարավո՞ր է եղել կրակել, և արդյոք դրա տեխնիկական վիճակը համապատասխանել է գործարանային արտադրության վիճակին, ինչպես է ստացվել, որ դատաբժիշկը, առանց Հայրիկյանի վերքը անձամբ զննելու, այն որակել է որպես հրազենային վնասվածք և ոչ վտանգավոր: Բացի այդ, դատաբժիշկն ասել է, որ համալիր դատաբժշկական փորձաքննության անհրաժեշտություն կա, սակայն այդպիսի փորձաքննություն չի արվել: Ըստ պաշտպանի ՝ պետք է պարզել նաև, թե ինչպես է ստացվել, որ դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ փամփուշտի վրա շփման հետքեր չկան:

5 Դատահոգեբանական և դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն ամբաստանյալների նկատմամբ՝ պարզելու համար, թե ինչպես է ամբաստանյալների առողջական վիճակը հիմա, նախկինում տառապե՞լ են արդյոք նրանք որևէ հոգեկան հիվանդությամբ, եթե այո, ապա' երբվանից:

Ավետիսյանը նախքան միջնորդությունը ներողություն խնդրեց ամբաստանյալներից և նրանց պահվածքը գնահատեց կասկածելի: Հատկապես հետաքրքրական էին Ավետիսյանի դիտարկումները՝ ընտրական քարոզարշավի ընթացքում Սեդրակյանի պահվածքի հետ կապված: Պաշտպանը «զարմացել է» է, որ Սեդրակյանն ասել է, որ ինքը դառնալու է Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը, որին ի պատասխան Սեդրակյանն ասել է, որ զարմանալի կլիներ, եթե ինքը նախագահի թեկնածություն դներ ու հույս չունենար, որ կհաղթի և առաջարկում «մի հատ Հայրիկյանին հարցնել, թե ինքը ինչ հույս ուներ»: «Այ, եթե ես հայտարարած լինեի, որ չեմ դառնա նախագահ, այդ դեպքում կարող էիք միջնորդել, որ դատաբժշկական փորձաքննություն նշանակվեր»,- նշում է Սեդրակյանն ու դեմ կարծիք հայտնում միջնորդության բավարարման կապակցությամբ:

Ավետիսյանը միջնորդեց նաև Խաչիկ Պողոսյանի և Պարույր Հայրիկյանի նկատմամբ քննչական փորձարարություն կատարել՝ պարզելու համար, թե հատկապես որտեղ է տեղի ունեցել դեպքը, ինչ հանգամանքերում: Պաշտպանն իր միջնորդության հիմքում դրեց այն հանգամանքը, որ Հայրիկյանի և Պողոսյանի դատաքննական ցուցմունքներում որոշակի հակասություններ կան՝ կապված Հայրիկյանի ընկնելու, դեպքի վայրի տեղանքի նկարագրությունների հետ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատախազը միջնորդությունների քննության համար ժամանակ խնդրեց՝ դատավոր Պողոսյանը հետաձգեց դատը մինչև հուլիսի 9-ը, ժամը 12:00-ը:

Արաքս Մամուլյան