Մեր օրերում էլ հայկական արվեստը, մասնավորապես՝ հայ գեղանկարչությունը, բարեբախտաբար, ունի տաղանդաշատ ու ինքնուրույն ձեռագիր ունեցող անհատականություններ։ Նման մարդկանցից է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության բաժնի շրջանավարտ Միքայել Կարապետյանը։
Մեր թղթակիցը փորձեց իմանալ մի փոքր ավելին տաղանդաշատ հայ նկարչի մասին։
- Այսօր նկարչի համար դժվա՞ր է գտնել իր տեղը:
- Միշտ էլ դժվար է եղել, այսօր էլ բացառություն չէ: Կարծում եմ՝ լուրջ գործով զբաղվող մարդու համար միշտ դժվար է՝ անկախ մասնագիտությունից:
- Միքայե՛լ, Ձեր նկարներում կա՞ որևէ ընդհանուր գիծ, ասելիք:
- Ո՛չ, իմ նկարները կապված չեն ընդհանուր թեմայով, քանի որ տարբեր ժամանակներում ինձ հուզում և հետաքրքրում են տարատեսակ խնդիրներ: Բացի այդ, միշտ անկեղծ եմ նկարում, փորձում եմ նկարի մեջ արտահայտել այն, ինչն այդ պահին ամենաշատն է ինձ հուզում:
- Ինչպե՞ս եք գնահատում արվեստի գործերը դիտողի դերում:
- Ամենակարևորը, այն, ինչի առջև ես կանգ եմ առնում, պետք է ինձ հետաքրքրի, իսկ արվեստում ինձ հետաքրքրում է այն, ինչ հուզում է: Դա կարող է լինել նույնիսկ 2 տարեկան երեխայի միամիտ անփութությունը:
- Ինչպե՞ս եք վերաբերվում ժամանակակից արվեստի դրսևորումներին, և Ձեզ որևէ ժանրի կրող համարո՞ւմ եք:
Սկսեմ վերջին հարցից: Մինչև վերջերս մտքովս անգամ չեր անցնում մտածել ժանրերի մասին։ Սակայն իմ նկարներին անդրադառնալով՝ կարող եմ ինքս ինձ մոդեռնիզմի կրող անվանել: Ժամանակ առ ժամանակ նայում եմ տարբեր նկարներ՝ թե՛ ժամանակակից, թե՛ դասական: Շատ եմ նայում ընկերներիս նկարները։ Պատահում է՝ գտնում եմ սիրելի նկարներ, և ժանրը կապ չունի ինձ համար:
- Ի՞նչ կարևորագույն հատկանիշներ պետք է ունենա ժամանակակից հայ նկարիչը:
- Նա պետք է չունենա կապանքներ, ինքն իր համար չկառուցի արգելքներ, կարծրատիպեր: Այսօր մտավորականին ոչինչ չի խանգարում ստեղծագործել, նկարիչը պետք է անի այն, ինչ ուզում է, սիրի նրան, ում ուզում է՝ առանց վախենալու:
- Այսօրվա Երևանում կա՞ նկարչական կյանք:
Եթե Երևանում որևէ բան էլ կա, դա նկարչությունն ու արվեստն է: Միշտ էլ կհանդիպեք նկարիչների քաղաքի այգիներում, շինությունների տակ։ Երևանն ինքնին ստիպում է, որ մարդ նկարի, հատկապես եթե սիրում ես քո գործը:
Զրուցեց Լիլիթ Ստեփանյանը