Էրնեստո Չե Գևարայի մահվան նախկինում չհրապարակված մանրամասներ են հայտնի դարձել աշխարհին՝ շնորհիվ տպագրման պատրաստվող գրքի, որը կոչվում է «Չեի սպանությունը Բոլիվիայում, բացահայտումներ»: Գրքի հեղինակներն են Չեի կյանքը ուսումնասիրած Ադիս Կուպալն ու Ֆրոյլայն Գոնսալեսը: Նրանց վարկածի համաձայն՝ Չեի մարդասպանները ոչ միայն կտրել են նրա ձեռքերը, այլև մասնակիորեն առանձնացրել են գլուխը իրանից:
Ավելի վաղ շրանառվում էր այն վարկածը, թե Չեի գլուխը կտրելու նախաձեռնությունը կարող էր պատկանել Բոլիվիայի այն ժամանակվա նախագահ Ռենե Բարյենտոսին, ով իբրև թե ուզում էր նրա գլուխը ուղարկել Կուբա, սակայն ԱՄՆ-ն դեմ է եղել այդ նախաձեռնությանը: Արդյունքում՝ հուղարկավորումից առաջ կտրել էին հեղափոխականի ձեռքերն ու տեղավորել հեղուկով լի անոթի մեջ: Ավելի ուշ նրա ձեռքերը տեղափոխվել էին Հավանա երկրից փախած բոլիվիացի նախկին նախարարի կողմից:
Եթե հետազոտողների տեղեկությունները հավաստի են, ապա մասնագետները կարծում են, որ Բոլիվիայի իշխանությունները փորձել են իրականացնել իրենց մտադրությունը, սակայն ավարտին չեն հասցրել. գրում է РИА Новости-ն: