Լուսանկարը՝ Ֆեյսբուքյան «Ոտքի՛ Հայաստան» խմբի էջից

«Վալլեքս» ընկերությունը Թեղուտում պղծում է հայկական գերեզմանները» վերագրով Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամները տեսանյութ են տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է մի քաղաքացի հավաքում մարդկային ոսկորներ։

Տեսանյութում ՀԲՃ անդամի հարցին, թե ուր եք տանում ոսկորները՝ փորձաքննության, քաղաքացին պատասխանում է. «Չէ տանում եմ հողին հանձնեմ»։

Tert.am –ի հետ զրույցում ՀԲՃ անդամ Շողակաթ Վարդանյանը, ով նույնպես մասնակցել և տեսանկարահանել է այս ամենը, պարզաբանեց, որ տեսանյութը նկարել են Թեղուտ գյուղում, որի տարածքը «Վալլեքսի» տրամադրության տակ է։

Ըստ նրա՝ «Վալլեքս գրուպ» ընկերության տնօրինությունը մոտ մեկ շաբաթ փակել է ճանապարհը դեպի գերեզմանոց, որտեղ իրենք գտել են մոտ 60 քառակուսի մետր տարածքով քանդած գերեզմաններ, ինչի պատճառով հանգուցյալների ոսկորները շաղ են եկել տարածքով մեկ՝ մարդկային գանգեր, ատամներ, կողոսկրեր և մարմնի այլ մասեր:
«Այդ տարածքը 13-րդ դարի մշակութային գոտի է, գերեզմաններ, որոնք որ հիմա քանդել են, որովհետև ինչ-որ գործ են անում, ու վիդեոն այդ տարածքում ենք արել, որ մարդկային ոսկորներ են սփռված»,- ասաց Շողակաթ Վարդանյանը և նշեց, որ դեռ հետագայում էլի նմանատիպ նյութեր կտեղադրեն համացանցում։
Հարցին, թե տարածքը փա՞կ է, որ գյուղացիները չեն տեսել, ինչպես են պղծում գերեզմանները, պատասխանեց. «Գյուղացիներից էլի եղել են, որ ոսկորներ են գտել, մի երեխա է ոսկորներ բերել, բայց նրանք էնքան փոքր կտորներ են եղել, որ ինքը չի հասկացնել, որ մարդկային են, իսկ մեր տեսանյութում պարզ երևում է, որ դրանք մարդկային ոսկորներ են, այսինք ստացվում է, որ իրենք գերեզմանը քանդել են»։

«Վալլեքս գրուպ» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Վահրամ Ավագյանը Tert.am-ի հետ զրույցում համաձայնեց, որ Թեղուտ գյուղի տարածքում ընկերությունը աշխատանքներ իրականացնելիս հին գերեզմանի հետքեր է հայտնաբերել, որից հետո աշխատանքները դադարեցվել են, որպեսզի հնագետները գնահատեն, թե ինչ արժեք է այն իրենից ներկայացնում։

«Խողովակաշարի համար իրականացվող աշխատանքների ժամանակ դիտվել են հին թաղման հետքեր։ Հրավիրվել է համապատասխան մասնագետը, դա հենց Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության բաժնի վարիչն է, ով ղեկավարում է նաև Թեղուտի կառուցվող համալիրի տարածքներում իրականցվող ուսումնասիրությունները և պարզվել է, որ այնտեղ այո 300-500 տարի վաղեմության թաղման հետքեր կան, բայց ըստ նախնական գնահատականի, հնագիտական արժեք ներկայացնող որևէ օբյեկտ, երևույթ չկա, կրկնում եմ՝ դա նախնական տեղեկություն է, իսկ պաշտոնական տեղեկատվություն անհրաժեշտության դեպքում առաջիկայում կլինի»,-ասաց նա։

Վահրամ Ավագյանի խոսքով, մինչև աշխատանքներին անցնելը՝ իրենք ընդունված կարգի համաձայն տվյալ տարածքում հնագետներ են հրավիրել աշխատելու, որոնք արտաքին հուշարձաններ չհայտնաբերելով, թույլատրել են իրականացնել հողային աշխատանքները։

«Այն տարածքը, որ Դուք նկատի ունենք, որևէ արտաքին նշան հուշարձանի չի հայտնաբերվել։ Հնագիտության և ազգագրության իստիտուտի արշավախումբն այնտեղ դիտարկումներ է արել և որևէ արտաքին նշան՝ հուշարձանի տապանաքար, դամբարանի մասին վկայող որևէ բան չի եղել, բայց Թեղուտ ՓԲԸ-ում գործում է նաև այդպիսի համակարգ, որ եթե հողային աշխատանքների արդյունքում որևէ հուշարձանի հետք է հայտնաբերվում, աշխատանքները դադարեցվում են, հրավիրվում են մասնագետներ, գնահատական տալու, ինչն էլ այս դեպքում ևս արվել է»,- նշեց նա։

«Վալլեքս գրուպի» մամուլի խոսնակը նաև հարկ համարեց ներկայացնել այն կանոնակարգերը, ըստ որի ընկերությունն առաջնորդվում է և նշեց, որ իրենք հուշարձանների պահպանության ուղղությամբ իրականացնում են համապատասխան օրենքով սահմանված միջոցառումները, և տարածքում աշխատաներ իրականացնելիս ինչպես նախապես հայտնի հուշարձանները, այնպես էլ իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված հուշարձանները նախ ուսումնասիրվում են ԳԱԱ-ի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատավխմբի կողմից՝ իրենց ֆինանսական միջոցներով և հետո գործի անցնում։

Հարցին, թե բնապահպանները տեղեկացնում են, որ մարդկային ոսկորները տարածքով մեկ փռված են, ինչը երևում է նաև տեսանյութում խոսնակը պատասխանեց, որ թեև ինքը մանրամասներին ծանոթ չէ, բայց տեղյակ է, որ հիմնական աշխատանքները դադարեցվել են։