''Ես 100 անգամ պատասխանել եմ այս հարցին'',-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը' ի պատասխան հարցի, թե ինքն էլ է ոմանց նման կարծում, թե ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի' խորհրդարանում արած վերջին ելույթները ոչ թե ընդդիմադիր են, այլ իշխանության ջրաղացին ջուր լցնելու համար են արվում:

Մեր դիտարկմանը, որ ի նկատի ունենք վերջին ելույթները, Զուրաբյանը պատասխանեց.

''Վերջին, 5 տարվա մեջ և այլն... ոչ միայն իրեն վերաբերող, այլև ցանկացած քաղաքական գործչի, որը իրեն ընդդիմադիր է համարում, բոլոր այդ գործիչների վերաբերյալ ես կարող եմ ասել հետևյալը' իմ հիմնական բանավեճը, մեր քաղաքական ուժն իր հիմնական բանավեճը տեսնում է այս իշխանության հետ, մեր կռիվը, մեր պատերազմը այս իշխանությունների դեմ է'':

Զուրաբյանը նշեց, որ տարբեր ժամանակներներում եղել են այնպիսի քաղաքական գործիչներ, ովքեր իրենց ընդդիմադիր են համարել, և նրանք բոլորն էլ զբաղված են եղել ՀԱԿ-ին քննադատելով:

''Մեզ քննադատել են մարդիկ, որոնք իրենց ընդդիմադիր են համարել, Տիգրան Կարապետյան, էլ ով կար, Րաֆֆի Հովհաննիսյան և այլն, և այլն: Մենք այդ մարդկանց երբեք պատասխան չենք տվել, որովետև մենք համարում ենք, որ իշխանության ուզածը, իշխանությանը հիմքերը ամրապնդողը հենց դա է, որ մենք ներքաշվենք ինչ-որ անիմաստ, ստախոս պնդումների հերքման մեջ'':

Պատգամավորը նշեց, որ իրենց սկզբունքը հետևյալն է'''Եթե ինչ-որ մեկն ուզում է կայանա որպես ընդդիմադիր գործիչ, ինքը պետք է կայանա իշխանության քննադատման գործում, ոչ թե այլ ընդդիմադիր ուժերի կամ Կոնգրեսի քննադատման մեջ'':

''Ձեր գործը պետք է լինի ապացուցել ձեր հզորությունը, ընդդիմություն լինելը, կարողությունը միայն իշխանությանը հարված հասցնելու գործում: Ես այնքան բան ունեմ պատասխանելու բոլոր այս քննադատություններին' ''Ժառանգության'', ''Սարդարապատի'' կողմից, Դավիթ Շահնազարյանն է, երրորդը, չորրորդը, նրանք բոլորը դուրս են եկել, ինչ-որ մեղադրանք են հնչեցրել'',-հավելեց Զուրաբյանը:

Չնայած զրույցի ընթացքում, ինչպես ներկայացրինք, Զուրաբյանը նշեց, որ չի ցանկանում նրանց պատասխանել, այնուամենայնիվ կարծես թե պատասխանելու ցանկությունն իրեն արեց ու նա նետեց.

''Բոլորի վերաբերյալ էլ շատ ավելի համոզիչ ասելիքներ ունեմ, քան այն մեղադրանքերը, որ մեզ ուղղում են, բայց եթե ներքաշվեմ դրա մեջ, կնշանակի, որ թողել եմ մեր հիմնական գործն ու անցել անշնորհակալ գործի'':

Մանրամասները' տեսանյութում:

Հ.Գ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի ամենաակտիվ ներկայացուցիչներից էր: Անցյալ ժամանակով ենք գրում, քանի որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, երբ ՀԱԿ-ը սեփական թեկնածու չառաջադրեց, ընտրություններից հետո էլ չսատարեց ''Ժառանգության'' առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, նրա կողքին կանգնեց Փաշինյանը: Վերջինս մասնակցում էր Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին, հացադուլի ժամանակ նրա կողքին էր: Դրանից հետո Փաշինյանը ՀԱԿ-ի կողքին չի հայտնվել: Նա նույնիսկ չմասնակցեց ՀԱԿԿ-ի համագումարին: Այն, որ նույն խմբակցության պատգամավորների միջև տարաձայնություններ կան, ակնհայտ է նաև նրանից, որ Փաշինյանը չի մասնակցում ոչ միայն կուսակցության, այլև խմբակցության նիստերին: Խորհրդարանում ևս նրան չեք տեսնի խմբակցության քարտուղարի կամ ղեկավարի հետ զրուցելիս: Նշենք նաև, որ Փաշինյանի վերջին ելույթները, որոնք ուղղված էին իշխանությունների դեմ, քննադատությունների արժանացան որոշ լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների կողմից:

Սերինե Գաբրիելյան