Lragir.am-ի զրուցակիցն է Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսը
Վիգեն, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվեց յոթ տարի ազատազրկման անչափահաս մարմնավաճառների ծառայությունից օգտվելու համար: Հայաստանում այս օրերին խոսում են Սյունիքի մարզպետի' քսան տարիների հանցագործությունների մասին, ինչպես նաև օֆշորային սկանդալի, ՎՊ հաշվետվության մասին, սակայն որևէ մեկին այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկում: Ըստ Ձեզ' ինչո՞ւ:
Երբ Հայաստանն ազատագրվեց Խորհրդային Միությունից, որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ Հայաստանը պարտված երկիր է: Այսօր ամբողջ աշխարհը Հայաստանին ցույց է տալիս, որ պարտված երկիր է և պետք է վճարի հաղթողին' Համաշխարհային բանկին և առհասարակ բանկային համակարգին: Ի՞նչ է նշանակում պարտված երկիր… սա նշանակում է հարյուր տոկոս կախվածություն արտաքին ուժերից և արտաքին ուժերի վերահսկողություն տնտեսական, քաղաքական համակարգում, ինչպես նաև պարտավորություններ: Խորհրդային Միության պարտությունից հետո պարալիզացվեց տնտեսությունը, գործարանների թալան տեղի ունեցավ, և այս ամենը ծրագրված էր, պետք է թալանվեր և պարալիզացվեր նախ տնտեսությունը, հետո պետությունը: Եվ այսօր օլիգարխները պարալիզացնում են պետությունը'զրոյականի հասցնելով տնտեսությունը:
Պատահական չէ, որ Սյունիքի մարզպետը Լիցկան է կամ մյուս հանցագործ կամ հանցակից մարզպետներն էլ մյուս մարզերում, քանի որ նրանք վախի մթնոլորտ են ստեղծում և կարողանում են թալանել: Գողերը մենակ չեն մտնում բնակարան թալանելու, մեկը մտնում է բնակարան, վախեցնում բնակիչներին, ստեղծում վախի մթնոլորտ, մյուսը գումարն է ստանում:
Պատահական կրակոցներ չեն լինում, ժամանակ առ ժամանակ պետք է լինում վախի մթնոլորտը խորացնել՝ Վահե Ավետյան, Ավետիք Բուդաղյան և այլն…
Սյունիքի նորանշանակ մարզպետն էլ ոչնչով չի տարբերվելու հնից, քանի որ, ըստ ծրագրի, ի սկզբանե ընտրում են նրանց, ովքեր ունեն հանցավոր անցյալ, մարդիկ, ովքեր յուրաքանչյուր վայրկյան պատրաստ են կանգնել դատարանի առաջ: Չմոռանանք, որ Սյունիքի մարզում հանքարդյունաբերության աղվեսի բաժինը հենց Հակոբյաններինն է:
Հայաստանը Իտալիայի կամ որևէ զարգացած այլ պետության հետ համեմատելն անիմաստ է, քանի որ եթե ժողովրդավար երկրում արդարության դեֆիցիտն աննորմալ է, Հայաստանում արդարության դեֆիցիտը նորմալ երևույթ է, հակառակ դեպքում ավազակները չեն կարող թալանել երկիրը: Հիմա այս վիճակն է, հետո կլինենք աֆրիկյան պետության նման, որտեղ կան թագավորներ և համատարած աղքատություն, որտեղ այլևս վախի մթնոլորտ էլ չի լինի, պարզապես թագավորը կվաճառի երկրի հաստությունը, իսկ հասարակությունն էլ դեգրադացիայի կենթարկվի: Հիմա Հայաստանում ամեն ինչ անում են մտավոր պոտենցիալը թուլացնելու, անգրագիտությունը խորացնելու համար, քանի որ թալանչիների համար գիտակցություն ունեցող մարդն առաջին թշնամին է. ինչպես վախեցնել մարդուն, ով գրագետ է, պատշպանված, չունի վախեր:
Վիգեն, Սյունիքի մարզում նորանշանակ մարզպետն է՞լ չի կարող իրականացնել փոփոխություններ:
Տեսեք, Սյունիքի մարզը հայտնի է իր հանքերով, և իշխանությունը հենց հանքեր շահագործողին նշանակեց մարզպետ, այնտեղ պետք չէ շատ խելացի մեկը: Հայաստանին պետք չէ մտավոր ուժ, գիտություն, մշակույթ, արվեստ, իսկ Ոսկե ծիրանը և մյուսներն աչքակապություն են, որ կամաց-կամաց կվերանան: Հրավիրում և մեծարում են Շառլ Ազնավուրին: Հարց եմ տալիս նրան' Շառլ Ազնավուր, եկել ես, որ ի՞նչ անես: Շառլն այսօր ներկայացնում է ՀՀԿ-ն Եվրոպայում, նա ՀՀԿ ներկայացուցիչն է, այսինքն' նա ինձ համար ունի մեղքի այնքան բաժին, որքան յուրաքանչյուր հանրապետական: Նա հանցակից է, հանցակիցը կարող է լավ մարդ լինել, բայց նա կցված է հանցագործությանը և ինքը ներկայացնում է ՀՀ-ն Շվեյցարիայում, ինչի համար պետք է պատասխան տա: Եվ եթե նա չի ուզում Հայաստանի թալանին մասնակից լինել, նա պետք է հրաժարական տար դեռ շատ վաղուց, իսկ Հայաստանի թալանն այսօր կատարվում է նաև Շառլ Ազնավուրի հովանավարությամբ:
ՎՊ հաշվետվությունը, Սերժ Սարգսյանի խոսքը, թե ժողովուրդը խոսում է բյուջեն լափելու մասին. արդյոք հնարավոր է փոփոխություն, պաշտոնանկություններ:
Հայաստանում կա մեկ քաղաքական կուրս' ինչպես կազմակերպել թալանը: Թալանի կազմակերպման տարբեր ձևեր կան, հիմա էլ հնարավոր է մի քիչ փոխվի, թալանի ավելի քաղաքակիրթ ձևեր իրականացվեն: Ենթադրենք պետության ղեկավարը քննադատում է թալանչիներին, բայց պետական բյուջեն դրանից չի ավելանում, ժողովրդի ու պետության վիճակը դրանից չի բարելավվում: Հիշենք նախորդ տարի Տիգրան Սարգսյանին նախատելն ատկատների համար, և թե ինչպես Տիգրան Սարգսյանը դպրոցականի արտաքինով ներողություն խնդրեց երկրի նախագահից, որ էլ չի կրկնվի, բայց գրեթե բոլոր նախարարները մնացին նույնը:
ՀՀ-ում ստեղծել են մի համակարգ, որտեղ հնարավոր է թալանել, ավիրել մշակութային ստեղծագործական ուժը, Հայաստանից տաղանդավորներին վճարել և տանել, երիտասարդներին էլ վատ պայամաններն են ստիպում են թողնել հեռանալ: Արդյունքում մտավոր ուժի աղքատացման հետ գործ ունենք:
Արևմուտքում, եթե դու խոշոր բիզնեսմեն ես, քո եկամտի ութսուն տոկոսը պետք է պետբյուջե տաս, քսան տոկոսից էլ հարկեր վճարես: Դրանք այն մարդիկ են, ովքեր պետական անիվը պտտում են, իսկ Հայաստանում պտտում են ոչ թե պետական անիվը, այլ անձնական անիվը:
Մենք տեսնում ենք, որ Եգիպտոսում հեղաշրջում եղավ, Թուրքիայում խառն է վիճակը, Սիրիայում նույնպես: Հայաստանում հնարավո՞ր է ինչ-որ մի կետից այսպիսի ցասում բարձրանա:
Կարծում եմ' ոչ, քանի որ թվարկված բոլոր պետություններում արտաքին ուժերի ներքո են կազմակերպում հեղափոխություններ, արդյունքում այդ երկրներում ճգնաժամն ավելի է խորացել: Հայաստանի պարագայում արտաքին ուժերին ընդդիմություն պետք չէ, դրա համար էլ նրանք չեն ֆինանսավորում, քանի որ ըստ էության Հայաստանն արդեն իրենց համար ընդունելի վիճակում է, էլ ինչու հավելյալ ծախս անեն, երբ արդեն ստանում են այն, ինչ պետք է: Իսկ այդ ամենը ստանում են ՀՀԿ-ի միջոցով:

Սիրանույշ Պապյան