Միջմարզային և միջքաղաքային երթուղիներում աշխատող մի շարք վարորդներ սպասում են տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին իրենց ընկերությունների ղեկավարների որոշումներին, որպեսզի իրենք էլ իրենց հերթին որոշեն, հավաքո՞ւմ են իրերը և մեկնում արտագնա աշխատանքի, թե առայժմ մնում և աշխատում են Հայաստանում:

Գազի գնի թանկացման հետևանքով տրանսպորտի ուղեվարձի թանկացման շուրջ Tert.am-ը զրուցեց մի շարք մարզային երթուղիներում աշխատող վարորդների հետ, որոնցից գրեթե բոլորն էլ ասացին, որ սպասում են, թե ինչ որոշում կկայացնեն իրենց ղեկավարները՝ տվյալ երթուղիները սպասարկող ընկերությունների սեփականատերերը. եթե որոշեն գազի գնի թանկացման բեռը թողնել վարորդների վրա, վերջիններս կսկսեն հրաժարվել աշխատանքից:

«Ոչ կարանք տոմսը թանկացնենք, ոչ էլ կարանք աշխատենք, էսօր իմ գազի փողը 3000 դրամից ավել է եղել, ամսվա կտրվածքով 90 000 դրամ է գալիս, ես էդ գումարը որտեղի՞ց դնեմ վրան»,- մեզ հետ զրույցում ասաց Երևան-Արթիկ երթուղու միկրոավտոբուսների վարորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից դեռևս մեկ ամիս առաջ հաստատված գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագները հուլիսի 7-ից ուժի մեջ են մտել: Ինչպես և հայտարարվել էր, 1 խորանարդ մետր գազը թանկանում է 24 դրամով՝ 132 դրամից կազմելով 156 դրամ, իսկ 1 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան՝ 8 դրամով՝ 30 դրամից կազմելով 38 դրամ:

Երևան-Արթիկ երթուղու մեկ այլ վարորդ, ով նույնպես հրաժարվեց անուն ազգանուն ասել, դժգոհեց, թե միևնույնն է, իրենց ձայնը ոչ ոք չի լսում.«Մեր ձենը լսողն ո՞վ է, մեզ ո՞վ է բանի տեղ դնողը, մինչև ստեղ հասնի մեր ձայնը, կսառի: Պիտի հրաժարվենք գործից, ի՞նչ պիտի էնենք, եթե տնօրենս զիջումների գնաց, կաշխատե՞նք, չէ՝ չենք աշխատի»:

Երևան-Վարդենիս երթուղու վարորդներից մեկն իր հերթին ավելացրեց, որ ինքը երկրից դուրս գնալու շատ տարբերակներ ունի և դրա հավանականությունը մեծ է։ «Ստիպված մեր էրեխեքի խաթրին աշխատում ենք, ավելի վատ ա լինելու սրանից հետո, ի՞նչ պիտի անենք, թողնենք գնանք դուրս ... Սպասում ենք, տեսնենք ղեկավարությունն ինչ կմտածի»,– ասաց նա:

Նրա փոխանցմամբ՝ այսօր ինքը աշխատել է 2500 դրամ: «Էս երկու օրն ա, որ գնում, գալիս ենք, նորմալ ա, սրանից հետո վաբշե պասաժիր չի լինելու»,- իր մտահոգությունը հայտնեց վարորդը՝ հավելելով, որ երեկ իր եկամտից է ծախսել գազի փողը:

Գնային քաղաքականության մեջ, եթե երթուղայինների դեպքում սեփականատերերը սպասում են Տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան որոշմանը, ապա տաքսի ծառայությունների դեպքում արդեն որոշներն ինքնուրույն ուղեվարձի թանկացման որոշում են կայացրել: Օրինակ՝ «Գորիս-Երևան» երթուղին սպասարկող «Մրքաձոր» ՍՊԸ-ն առայժմ չի թանկացրել ուղեվարձը, քանի որ տնօրենն այս պահին երկրում չէ, սակայն արդեն բողոքներ են ստացվել նույն ուղղությամբ աշխատող «Լյուքս» և «Լարա» ընկերությունների կողմից: Վերջիններս այսօր արդեն 500 դրամով թանկացրել են ուղեվարձը՝ 3500 դրամից դարձնելով 4000 դրամ, և պահանջում են, որ հավասարության համար «Մրքաձորը» ևս թանկացնի ուղեվարձը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Մրքաձոր» ՍՊԸ-ի տնօրեն Կոյրուն Հակոբյանի տղան՝ Վարոս Հակոբյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ իրենց վարորդներից վերջին մեկ շաբաթվա ընթացքում արեն 7-8 վարորդ դուրս է եկել աշխատանքից և մեկնել այլ երկիր:

Հիշեցնենք, որ Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը և Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարել էին, որ հասարակական տրանսպորտի սպասարկող ընկերությունները պատրաստվում են գործադուլ անել, եթե մոտակա մեկ, երկու ամիսներին չլուծվեն գազի թանկացման և դիզվառելիքի հետ կապված իրենց խնդիրները։