Օրերս լրացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեկ տարին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրում նա դաժան ծեծի ենթարկվեց Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից: Մի քանի օր անց մահացավ, գրում է ԳԱԼԱ-ն: Մեկ տարի անց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում մահացավ Գորիսի նախկին քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր գնդապետ Արտակ Բուդաղյանը ստացավ ծանր վնասվածքներ: Այս երկու դեպքերի միջեւ ընդհանրությունները շատ են: Բավական է շեշտել դրանցից մեկը. աղմկահարույց երկու դեպքերի առանցքային դեմքերն ունեն վարքի նույն դրսեւորումները, նրանք երկար տարիներ ծառայել են իշխանական համակարգին՝ այդպիսով ձեռք բերելով օրենքից դուրս գործելու լիազորություններ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ գալիս է մի ժամանակահատված, որ համակարգն ուղղակի ազատվում է իր սպասարկուներից: