«Հայաստանը չի կայացել որպես պետություն: Այն ոչ թե քաղաքականության սուբյեկտ է, այլ՝ օբյեկտ: Այդ պատճառով Ռուսաստանը, ինչպես նաև մյուս օտարերկրյա պետությունները, Հայաստանին վերաբերվում են որպես օբյեկտի և նրա նկատմամբ որդեգրել ու իրականացնում են ոչ թե գործընկերային, այլ սպառողական քաղաքականություն»,- Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու երևույթին այսպիսի բացատրություն է տալիս ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը և հավելում, որ մեր ժողովրդի իշխանությունը յուրացրած, նրա կամքի վրա բռնացող և նրան կեղեքող վարչախումբն իր կառավարումը երկարաձգելու համար ստիպված է ավելի ու ավելի շատ հենվել օտար ուժերի վրա՝ Հայաստանի և հայության շահերի հաշվին սպասարկելով օտար տերերի պետական և իր ներկայացուցիչների կլանային ու անձնական շահերը:

Ժիրայր Սեֆիլյանը Ռուսաստանի քաղաքականության վրա ազդող գործոն է համարում նաև վերջինիս դերը միջազգային ասպարեզում և գտնում, որ երբեմնի հզոր համաշխարհային գերտերության՝ ԽՍՀՄ-ի իրավահաջորդն է, ներկայում ծանր ժամանակներ է ապրում և ամենախոշոր տրամաչափի աշխարհաքաղաքական հարցերում չի կարող գործել որպես լիարժեքորեն ինքնուրույն սուբյեկտ:

Սեֆիլյանը աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների ռազմավարական շահերի իրացման համար հանգուցային նշանակություն է տալիս Արցախին և կարծիք հայտնում, որ Ռուսաստանը նպատակ ունի այնպես անել, որ Արցախի հարցի վերջնական լուծումը կախված չլինի Հայաստանի կամքից և հնարավորություններից: Նշված նպատակի իրականացումը ապահովելու համար անհրաժեշտ է երկու պայմանների առկայություն: Առաջին՝ Ադրբեջանն ու Հայաստանը, հատկապես՝ Հայաստանը, պետք է չլինեն ինքնուրույն պետություններ: Երկրորդ՝ Ադրբեջանը պետք է լինի հարձակվողի, իսկ Հայաստանը՝ պաշտպանվողի դերում: «Ահա թե ինչու Ադրբեջանին թույլ են տալիս զինվել, իսկ Հայաստանին զսպում են, Ադրբեջանին տալիս են հարձակողական, իսկ Հայաստանին՝ պաշտպանողական սպառազինություն»,- եզրակացնում է ազատամարտիկը:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչ աստիճանի վտանգավոր զենքով է զինել Ռուսաստանը Ադրբեջանին, պարոն Սեֆիլյանը պատասխանում է, որ «Սմերչը» հարձակողական բնույթի և մեծ զոհեր ու ավերածություններ առաջ բերելու ունակ զինատեսակ է, բավականին շարժունակ, խոցելի, մեր ունեցած հնարավորություններով' ոչ միշտ հասանելի, ուստի վտանգավոր է: Սակայն միևնույն ժամանակ նա նշում է, որ պատերազմը բազմաթիվ գործոններից է կախված և առաջնայինը ոչ թե զենքի ու սպառազինության, այլ մարդկային գործոն է. այդ գործոնի և մեր ունեցած ուժերի ու միջոցների հմուտ կիրառմամբ մենք կարող ենք կարճ ժամանակում չեզոքացնել նշված սպառնալիքը:

ԳԱԼԱ-ի դիտարկմանը, որ հատկապես Ռուսաստանի' Ադրբեջանին «Սմերչով» զինելը դարձավ այսպիսի բուռն քննարկումների առարկա այն դեպքում, երբ Ուկրաինան տարիներ շարունակ այդ նույն զինատեսակը վաճառում էր մեր թշնամուն, պարոն Սեֆիլյանը պատասխանում է, որ քննարկումները բացատրելի են երկու հանգամանքով. «Առաջինը՝ օտար տերերին հանձնված ազգուրաց վարչախումբը, որը ստանձնել է երկիրը գաղութացնողների փաստաբանի դեր, ի վիճակի չէ բացահայտ կերպով հանդես գալու ազգային անվտանգությանը սպառնացող այս գործարքի դեմ, ուստի իր քարոզչամեքենայի միջոցով փորձում է գոնե որոշակի աղմուկ ստեղծել: Երկրորդ՝ մարդիկ մտահոգված են, քանի որ ինչպես նշեցինք' այս զինատեսակն ունակ է պատճառելու մեծ զոհեր և ավերածություններ: Այդ զինատեսակի քանակությունը շատ կարևոր է, ուստի երևույթը ավելի մտահոգիչ դարձավ, երբ դրա ուկրաինական խմբաքանակին ավելացավ ռուսականը: Բացի այդ, Ուկրաինան միջազգային մասշտաբի դեր չունի և գործում է արդեն հաստատված հաշվեկշռին համապատասխան, մինչդեռ Ռուսաստանի հետ գործարքը նշանակում է, որ առնվազն կայացվել է հաշվեկշռի վրա ինչ-որ չափով ազդելու որոշում»,- կարծում է պարոն Սեֆիլյանը:

Այնուամենայնիվ, ըստ ազատամարտիկի, այս պահին պատերազմի հավանականությունը մեծ չէ, քանի որ դա կարող է կայծ դառնալ տարածաշրջանում ավելի մեծածավալ հակամարտության բռնկման համար: Իսկ աշխարհաքաղաքական շահագրգիռ ուժերը' առաջին հերթին Իրանի բավականին ուժեղ և կայուն գործոնի ազդեցության պատճառով չեն կարողանա կառավարել այդպիսի հակամարտությունը և առավել ևս իրենց համար ապահովել դրա ցանկալի ու կանխատեսելի ելք: «Ուստի, օգտվելով այս հնարավորությունից, պետք է շտապենք խաղաղության մեջ կառուցելու ուժեղ ու ինքնիշխան Հայաստանը և դրանով իսկ խափանել մեր շահերին հակասող ծրագրերն ու իրագործել մեր ազգային նպատակները»,- կոչ է անում Ժիրայր Սեֆիլյանը և միևնույն ժամանակ նշում, որ մեր ժողովրդի մեջ այժմ խուճապ չի տեսնում և գտնում է, որ ինչ էլ լինի, հայ ժողովուրդն ի վերջո կհաղթի, այն էլ՝ ներկայի համեմատությամբ շատ ավելի մեծ ձեռքբերումներով, սակայն վարչախումբը և ներկայիս նորգաղութային համակարգը, ըստ ազատամարտիկի, այլևս չեն լինի:

Արաքս Մամուլյան