Ժիրայր Սեֆիլյան (ծն. 1967, Բեյրութ, Լիբանան), հայ ազատամարտիկ է, ռազմաքաղաքական գործիչ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատարը և «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի» համակարգողը։

Լիբանանյան քաղաքացիական պատերազմի տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպանությանը։
1990 թվականից Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, որպես ռազմական հրահանգիչ մասնակցել հայկական ջոկատների կազմավորմանը։ 1991-ից որպես մարտական հրամանատար մասնակցել է Արցախի մի շարք շրջանների պաշտպանությանը, 1992 թ. գլխավորել է «Շուշի» առանձնակի գումարտակը։ Կարևոր դերակատարում է ունեցել Շուշիի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջանների ազատագրման գործում։ Մասնակցել է ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորմանը, պարգևատրվել է «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանով և այլ մեդալներով։ ՀՀ բանակի փոխգնդապետ է։

Նախապես անդամակցել է ՀՅԴ-ին։ 2001-ից գլխավորում է «Ազատագրված տարածքների պաշտպանության» նախաձեռնությունը, հանդես գալիս այդ պատմական շրջանների բնակեցման օգտին։

2006 թ. մարտընկեր Վարդան Մալխասյանի հետ ձերբակալվել է ու բանտարկվել։ Միջազգային փորձագետները գտնում են որ նրա դատավարությունը ունի քաղաքական դրդապատճառներ։[1] Մի շարք հայ մտավորականներ (ակադ. Ռաֆայել Ղազարյան, Մետաքսե, ևն) և կազմակերպություններ պահանջում են Սեֆիլյանի և նրա մարտընկերների ազատ արձակումը. «Նա իմ ճանաչած կենդանի սրբապատկերներից է, ինչպես Բեկորը, Մոնթեն, Սամվել Բաբայանը», - այսպես է բնութագրում Ժիրայրին Ցվետանա Պասկալևան։

2008թ.-ին Ժիրայր Սեֆիլյանը ազատ է արձակվել՝ պատժաժամկետը ավարտվելուց հետո։ 2008թ.-ի աշնանը Սեֆիլյանը այլ գործիչների հետ հիմնադրեց Միացում ազգային նախաձեռնությունը, իսկ 2009-ի աշնանը՝ Սարդարապատ շարժումը:

2013-ից Ժիրայր Սեֆիլյանը «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ է: