ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 11-ին Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը կարեւորել է ավանդական բարեկամության եւ փոխվստահության վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունների բարձր մակարդակը:
Զրուցակիցները բարձր են գնահատել միջխորհրդարանական համագործակցությունում նկատվող դրական դինամիկան: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հանդիպումներն ավանդական բնույթ են կրում:
Էդուարդ Շարմազանովը մեծապես կարեւորել է միջազգային ասպարեզում փոխգործակցությունը եւ առավել ակտիվ ներգրավվածությունը միջազգային կազմակերպություններում: Նա նշել է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ շրջանակներում հայ խորհրդարանականները սերտորեն համագործակցում են նաեւ բելառուսցի գործընկերների հետ:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը սպառնում է տարածաշրջանային կայունությանը: Վլադիմիր Անդրեյչենկոն իր հերթին նշել է, որ Բելառուսը հանդես է գալիս ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին:
Հանդիպման ավարտին կողմերը նկատել են, որ առեւտրատնտեսական փոխգործակցությունը զգալիորեն զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին կքննարկվի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք մասնավորապես կառնչվեն երկկողմ տնտեսական համագործակցությանը եւ միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ