Սողոմոն Թեհլիրյանի վրիժառության գործողության առթիվ
Բեռլին, 1921 թվականի մարտի 15: Հարդենբերգ փողոցի թիվ 17 տան առջեւ գնդակահարվեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան: Գործողության կատարողը 25-ամյա հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանն էր, որը Բեռլին էր ժամանել Թալեաթի նկատմամբ մահավճիռ իրականացնելու: Մինչ այդ հայ հետախույզները Շահան Նաթալիի ղեկավարությամբ Բեռլինում մեծ աշխատանք էին կատարել եւ հայտնաբերել էին Թալեաթի բնակարանը, Հարդենբերգ պողոտա թիվ 4 հասցեում, որտեղ մեծ ոճրագործը բնակվում էր Ալի Սալիհ բեյ անվամբ:
Հետապնդումները դյուրացնելու նպատակով ընկերներին հաջողվում է Սողոմոնի համար սենյակ վարձել Հարդենբերգ պողոտայի թիվ 37 տանը, որի պատուհանից կարելի էր հսկել Թալեաթի անցուդարձը: Այդժամ Շահան Նաթալին Սողոմոնին է հանձնում ատրճանակը ասելով. «Ահա քեզ զենքը, որ ուզում էիր: Փորձված է եւ ստուգված, սպասում է միայն ցուցամատիդ հրամանին: Կպայթեցնես գանգը թիվ 1 ազգասպանին եւ չփորձես փախչել. կկանգնես տեղդ, ոտքդ սատակին վրա եւ կհանձնվես ոստիկաններին, որոնք կգան ու կձերբակալեն քեզ»: Շահանի նպատակն էր Ս. Թեհլիրյանի դատավարությունը վերածել Մեծ եղեռնի պատասխանատուների քաղաքական հրապարակային դատավարության:
Մարտի 15-ի առավոտյան Սողոմոնը արթնացավ սովորականից շուտ, թեյեց եւ պատրաստվում էր բազկաթոռը մոտեցնել պատուհանին գիրք կարդալու համար, երբ դիմացի տան պատշգամբում տեսավ Թալեաթին:
Վերջինս ուշադիր զննեց փողոցը, հավանաբար ինչ-որ բանից զգուշանում էր: Չնայած իր կատարած ոճրագործությունից անցել էր վեց տարի, բայց վախը անբաժան էր մնացել նրանից: Իր լայն ուսերին կրում էր երկու հրապարակային մահավճիռներ. մեկըՙ Կ. Պոլսի զինվորական դատարանի, մյուսը՝ Հայ Հեղափոխական դաշնակցության: Եթե առաջին մահավճռից նա կարողացել էր խուսափել եւ թաքնվել, ապա երկրորդ մահավճիռը անպայման պետք է ի կատար ածվեր, որտեղ էլ թաքնվեր ոճրագործը:
Թալեաթը նայեց ժամացույցին: Ուղիղ ժամը 11-ն էր: Նա դուրս եկավ փողոց եւ բռնեց իրենց հավաքատեղը տանող ուղին: Վերցնելով զենքըՙ Սողոմոնը իջավ փողոց եւ գնաց նրա հետեւից: Հուզումը պատել էր նրան, սակայն զգում էր, որ ոճրագործը իր ձեռքից չի ազատվի: Զուգահեռ մայթով արագացնելով քայլերըՙ Սողոմոնը բավականին առաջացավ Թալեաթից, ապա կտրելով փողոցը եւ անցնելով հանդիպակաց մայթըՙ վճռականորեն գնաց ոճրագործին դեմ հանդիման: Իսկ Թալեաթը հանդարտ քայլերով, անփութորեն ճոճելով ձեռնափայտը, գալիս էր իրեն ընդառաջ: Հավասարվելու պահին նրանց հայացքները հանդիպեցին:
Թալեաթ,- դիմեց նրան Սողոմոնը:
Մեծ մարդասպանի աչքերում առկայծեց մահվան սարսուռը: Նա մի քիչ թեքվեց ու փորձեց հետ նայել, որ խուսափի հարվածից, բայց չհասցրեց: Ատրճանակը հանելն ու Թալեաթի ծոծրակին կրակելը միայն մեկ ակնթարթ տեւեց: Թալեաթը հարվածից ցնցվեց եւ շրմփալով տապալվեց մայթի վրա: Կրակելու պահին նրանցից մի քանի քայլ հեռու անցնում էր մի կին, որը կրակոցի ձայնից ճչաց եւ վայր ընկավ: Սողոմոնը շփոթվեց, չկարողացավ տեղում մնալ: Ատրճանակը դեն նետեց, փորձեց հեռանալ, բայց ձեռբակալվեց եւ տարվեց ոստիկանատուն:
Թալեաթի դիակը բավականին ժամանակ մնացել էր մայթին: Գլխի շուրջը արյան լճակ էր առաջացել: Տեղի էր ունեցել մի ֆանտաստիկ, մի անհավանական բան, ինչը հաջորդ օրը ապացուցվել էր դատաբժշկական փորձաքննությամբ եւ տեղանքի զննությամբ: Ականջի տակից մտած գնդակը փշրել էր գանգը եւ դուրս եկել ճակատային մասից, հանելով ձախ աչքը, ապա, դիպչելով դիմացի տան մետաղական ցանկապատին, անդրադարձել եւ մտել աջ աչքը: Հիրավի արդար դատաստան մեծ ոճրագործին:
Նույն օրը երեկոյան Սողոմոնին տարան հարցաքննության: Սենյակում, որտեղ պետք է անցկացվեր հարցաքննությունը, դրված էր մի սեղան, որի վրա նա տեսավ իր ատրճանակը, ինչպես նաեւ Թալեաթի ձեռնափայտը եւ արյունոտ գլխարկը: Սեղանի առջեւ նստած ակնոցավոր պաշտոնյան փորձեց սկսել հարցաքննությունը, սակայն առանց թարգմանչի ոչինչ չստացվեց: Հաջորդ օրը հարցաքննությունը կատարվեց թարգմանիչ Գեւորգ Գալուստյանի օգնությամբ: Քննիչի այն հարցին, թե գիտե՞ արդյոք ամբաստանյալը, որ իրեն մահապատիժ է սպառնում, Սողոմոնը հանգիստ պատասխանեց. «Այո, գործս կատարելուց հետո ինչ ուզում է՝ թող լինի»:
Հայկական գաղութներում արտակարգ ցնծություն էր: Լրագրերը դեպքին ընդարձակ էջեր էին նվիրում՝ այն գնահատելով իբրեւ հայ ժողովրդի արդար վրեժի հատուցում:
Այս առնչությամբ ռուսական բոլշեւիկյան «Պրավդա» թերթում տպագրվել է Կ. Ռադեկի գրած մահախոսականը, որտեղ նա սգում է հայ տեռորիստի կողմից սպանված արտասովոր քաղաքական գործչի անժամանակ մահը, եւ «Խորհրդային Հայաստանը» վերատպագրել է այդ մահախոսականը, շեշտելով, որ հայ կոմունիստները նույնպես «սգում» են ընկեր Թալեաթի մահը:
Պատրաստվելով Սողոմոն Թեհլիրյանի հրապարակային դատավարությանը՝ հայ համայնքը հրավիրել էր Բեռլինի երեք նշանավոր փաստաբանների. դոկտորներ ֆոն Գորդոնին, Վերթաուերին, Նիմայերին:
Դատավարությունը սկսվեց 1921 թ. հունիսի 2-ին Բեռլինի նահանգային դատարանում եւ տեւեց ընդամենը երկու օր: Բացի պետական պաշտոնյաներից, դատավարությանը մասնակցում էին 12 երդվյալ ատենակալ, 3 դատապաշտպան, 2 թարգմանիչ եւ 27 վկա:
Դատավարության ընթացքում բացահայտվեցին երիտթուրք պարագլուխների հանցագործությունները: Գերմանացի հայրենասեր դոկտոր Յոհաննես Լեփսիուսը մեծ ծառայություն մատուցեցՙ հիշատակելով մի շարք պատմական փաստեր: Նա բացահայտեց թուրք ոճրագործերի բուն նպատակները: Նրա խոսքը շշմեցուցիչ տպավորություն թողեց ոչ միայն անտեղյակ հասարակության, այլ նաեւ դատական նիստի մասնակիցների վրա: Նրա խոսքից հետո ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ դատվողը կարծես ոչ թե Սողոմոնն էր, այլՙ Թալեաթը:
Դատավարության առաջին օրը դատական նիստին ներկա էր նաեւ Թալեաթի այրին, որը սպանությունից 60 տարի անցՙ 1981 թվին, երբ արդեն 89 տարեկան էր, անդրադառնալով ոճրագործի սպանությանը, կասի հետեւյալը. «Ես մեծացել եմ ոսկիների մեջ, քնել ոսկե օրորոցներում, բայց ամբողջ աշխարհը սեւացավ վրաս այն օրը, երբ սպանեցին ամուսնուս: Նա շատ ջանք ու եռանդ էր գործադրել, որպեսզի հայերը հայկական կոտորածներին այլեւս հետամուտ չլինեն եւ ընթացք չտան: Սակայն հայերը դրան ուշադրություն չդարձրեցին: Բեռլինում, այդ առավոտյան Թալեաթը չեր ուզում դուրս գալ տնից, հակառակ նրան, որ շատ էր սիրում զբոսնել: Անհանգստություն նկատեցի: Սակայն նա դուրս եկավ տանից: Որոշ ժամանակ անց դուռը թակեցին, եւ դիմացս հայտնվեցին դոկտոր Նազիմն ու Սալոնիկի նախկին երեսփոխան Մազլյան Էֆենդին: Հասկացա, որ մտավախությունս կատարվել էր: Սպանված էր ամուսինս, գնացինք դիարան եւ տեսանք մարմինը»: Այնուհետեւ շարունակելով իր պատմությունը, տիկ. Թալեաթը նկատել է տալիս, «որ շնորհիվ հայկական քարոզչության Բեռլինի մեջ դատվեցավ ոչ թե Թեհլիրյանը, այլ թուրքական պետությունը: Չնայած դատավորը հավաստիացրել էր, որ ահաբեկիչը անպայման կպատժվի եւ դատարանից դուրս կգա նրա դիակը (այսինքնՙ կկայացվի մահվան դատավճիռ), ստացվեց ճիշտ հակառակը»: Ինչպես երեւում է տիկին Թալեաթի պատմածից, թուրքերը հասցրել էին «տեսնել» դատավորին, սակայն արդարության դեմ նա էլ ոչինչ չկարողացավ անել: Դատավճիռը որոշում էին երդվյալները: Տիկին Թալեաթը հիշեցնում է նաեւ ոճրագործի հետեւյալ խոսքը. «Անհնար է, որ ես իմ անկողնու մեջ մեռնեմ: Անգլիացիք կամ հայերը ինձ կսպանեն, դա լավ իմացեք: Դրանցից պրծում չկա»:
Երբ դատարանի քարտուղարը վերջացրեց մեղադրական եզրակացության ընթերցումը, նախագահ դոկտ. Լեմբերգը հարցրեց մեղադրյալին, թե արդյոք նա իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է Թալեաթ փաշային կանխամտածված սպանելու մեջ, Սողոմոնը պատասխանեց. «Ո՛չ: Մարդ եմ սպանել, բայց ես մարդասպան չեմ: Իմ խիղճը հանգիստ է»:
Դատավարության երկրորդ օրը ելույթ ունեցավ պետական մեղադրողը, որը պահանջեց Սողոմոնին հանցավոր ճանաչել Թալեաթ փաշային կանխամտածված սպանելու համար: Միաժամանակ նա արեց ամեն հնարավորը, որպեսզի դատավարությունը քաղաքական բնույթ չստանա, ինչը նրան հաջողվեց մասամբ: Նրանրից հետո ելույթ ունեցող փաստաբանները եւ հատկապես դոկտոր ֆոն Գորդոնը փաստերով ապացուցեցին, որ Թալեաթին սպանելու համար Սողոմոնը մեղավոր չէ: Բանավեճը ավարտվեց: Դատարանի նախագահ դոկտ. Լեմբերգը երդվյալներին անհրաժեշտ պարզաբանումներ տվեց, որից հետո նրանք անցան առանձնասենյակ՝ խորհրդակցելու: Մեկ ժամ տեւեց այդ խորհրդակցությունը, վերադառնալով դահլիճՙ նրանց գլխավորը կարդաց.
«Պատվով եւ խղճով վկայում եմ երդվյալների որոշումը՝ հանցավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլիրյանը 1921 թվի մարտի 15-ին Շարլոտենբուրգի մեջ կանխամտածված մի մարդ՝ Թալեաթ փաշային սպանելու համար»: Ո՛Չ, Օտտո Ռայնիկե, երդվյալների գլխավորը:
Դահլիճը դղրդաց որոտընդոստ ծափերից: Նախագահը ստորագրեց որոշումը՝ հայտարարելով, որ ամբաստանյալը ազատ է արձակվում, եւ որ բանտարկության հրամանը նրա վրայից վերացվում է: Երբ Սողոմոնը հայտնվեց փողոցում, այնտեղ հավաքված բազմությունը օվացիա սարքեց նրա պատվին: Ձեռքերի վրա նրան տարան դեպի ինքնաշարժը...
Այսպիսով, Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը վերածվեց երիտթուրք ոճրագործների հրապարակային դատավարության: Սա պատմական փաստ է, իրադարձություն, որը սկիզբ դրեց հայերի ցեղասպանության ճանաչմանը: Հենց սա է Սողոմոն Թեհլիրյանի վրիժառուական գործողության պատմական նշանակությունը:
Նշանավոր վրիժառուն մինչեւ 1951 թիվը բնակվել է Բելգրադում, 1957 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, Սան Ֆրանցիսկո, որտեղ էլ մահացել է 1960 թվին:
Փառք ու պատիվ իրեն:
Աղբյուրը' «Ազգ» օրաթերթ
Նյութը պատրաստեց' Ք. Ա-ն