1955թ. հուլիսի 17-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում հանդիսավոր կերպով բացվեց աշխարհում առաջին մանկական զվարճանքի կենտրոնը' Դիսնեյլենդը: Բացման արարողությանը ներկա էր 30 հազար մարդ այն դեպքում, երբ ի սկզբանե պլանավորվել էր 11 հազարը:
Չափից դուրս շատ մարդկանց կուտակվելու պատճառով մամուլը բավականին բացասաբար անդրադարձավ այդ միջոցառման բացմանը: Այդ ժամանակ զբոսայգու հիմնադիր Վոլթ Դիսնեյը որոշեց կրկնակի բացում կազմակերպել Դիսնեյլենդի համար հաջորդ օրը, որպեսզի մարդիկ կարողանան լիարժեք օգտվել զվարճանքի ատրակցիոններից: Հուլիսի 18-ին զբոսայգի մտնելու համար մարդիկ հերթ էին պահել գիշերը ժամը 02.00-ից: Միայն այդ օրը զբոսայգին այցելեց 50 հազար մարդ:
Նման զբոսայգու ստեղծման գաղափարն այցելել էր հանրահայտ գեղանկարիչ-մուլտիպլիկատորին հանգստի տարբեր զբոսայգիներիում իր դուստրերի հետ զբոսնելիս: «Walt Disney Productions» ընկերության հիմնադիրն ի սկզբանե ցանկանում էր կենտրոնը կառուցել իր ստուդիայի մոտակայքում, սակայն նա շուտով հասկացավ, որ այդ տարածքը չափազանց փոքր է նման ձեռնարկության համար: Այդ ժամանակ նա գնեց 65 հա տարածք Անահայմ քաղաքում և բացեց այնտեղ Դիսնեյլենդ զբոսայգին: Հիմնադրման պահից Դիսնեյլենդը մեկ անգամ չէ, որ ընդլայնել է իր սահմանները: