ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը հաստատեց «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններն այն մասին, որ Գլխավոր դատախազությունը ՀՀ կառավարությունից ստացել է «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության վերաբերյալ Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրից տրամադրված տեղեկությունները: Սոնա Տռուզյանը հավելեց նաև, որ այս նյութերն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ հարուցված քրեական գործին կցելու և քննության առնելու համար: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը հաստատել է «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններն այն մասին, որ վարչապետի գրասենյակից Կիպրոսում գրանցված իրավաբանական ընկերության միջոցով հարցում է կատարվել Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրին՝ պարզելու, թե արդյո՞ք «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության սեփականատերերի ցանկում կա՞ վարչապետի անունը, թե՞ ոչ և արդյո՞ք փաստաթղթերում ընդհանրապես որեւէ տեղ առկա է Տիգրան Սարգսյանի ստորագրությունը։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը չբացահայտեց Կիպրոսից ստացված նյութերի մանրամասները, բայց հաստատեց, որ վերոհիշյալ ընկերության փաստաթղթերում վարչապետի ստորագրությունն առկա չի եղել։