Դուբայում իշխանությունները որոշել են բառացիորեն գործածում գտնել «քաշով մեկ ոսկի» արտահայտությանը: Ինչպես տեղեկացնում է Gulfnews-ը, հուլիսի 19-ից օգոստոսի 16-ը «Ձեր կշիռը՝ ոսկով» նախաձեռնության շրջանակներում Դուբայի բնակիչները նիհարած յուրաքանչյուր մեկ կիլոգրամի դիմաց կստանան մեկ գրամ ոսկի (42 դոլար): Ամենաշատ նիհարած լավագույն եռյակը կստանա 20 հազար դիրհեմ (5.5 հազար ԱՄՆ դոլար) գումար:
Պարգևատրման կարժանան այն մարդիկ, ովքեր կկարողանան այս ժամանակահատվածում նիհարել առնվազն 2 կգ:
Դուբայում կա 91 հանրամատչելի մարզադահլիճ, սակայն դրանցից օգտվողների թիվը շատ չէ: «Շոգ եղանակը չպետք է մարզանք չկատարելու համար պատճառ հանդիսանա»,-ասում է Դուբայի համայնքային ղեկավար Հուսսեյն Նասեր Լութահը:
Արաբական միացյալ էմիրություններում ճարպակալումը վաղաժամ մահացությունների հիմնական պատճառներից մեկն է: 2007-ի տվյալներով՝ բնակչության 68%-ը տառապում է ավելորդ քաշից: