Lragir.am. Հայ-ռուսական «դարավոր եղբայրական» հարաբերություններում մոտենում է անկեղծության պահը, երբ պատմական միֆերն ու ցանկություններն արդեն իրենց տեղը զիջում են մերկ, դաժան ու ճշմարիտ իրականությանը:
Մինչ այդ, Ռուսաստանում եւ ռուսական կրեատուրան Հայաստանում անցել են վերջին ու անարդյունավետ մեթոդներին՝ տնտեսական, քաղաքական եւ այլ բնույթի շանտաժի ու սպառնալիքների: Սակայն արդեն նկատելի է, որ հանրության շրջանում դրանք հակառակ արդյունքն են ունենում, եւ ըստ էության արագացնում անկեղծության պահը, երբ պետք է արդեն շանտաժից ու սպառնալիքներից անցում կատարել կամ առարկայական ու բովանդակալի քննարկումների, կամ, ինչպես Ռուսաստանի դեսպանն է ասում՝ «հայ-ռուսական հարաբերությունների խզմանը»:
Առայժմ, դատելով իրողություններից, Ռուսաստանում պատրաստ չեն հրաժարվել այս քաղաքականությունից, թե քաղաքական, թե հոգեբանական պատճառներով: Մոսկվան երբեք էլ հայերին գործընկեր չի համարել եւ համարել է, որ «հայերի դեպքում խնդիրներ չեն կարող լինել»: Սակայն, խնդիրները միշտ եղել են, եւ դրանք երբեւէ պետք է «պայթեին», ինչն էլ ներկայում տեղի է ունենում. դրա համար առկա են թե արտաքին, թե «ներքին» բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքները:
Բանն այն է, որ իրավիճակն առավել քան հստակ է. Ռուսաստանի շահերը տարածաշրջանում չեն համընկնում հայկական շահերին, եւ ավելին՝ դրանք տրամագծորեն հակառակ են: Այս «բացը» պատմության ընթացքում լրացվել է հայկական շահերի անտեսմամբ ու ոտնահարմամբ եւ «հայ-ռուսական եղբայրության» մասին առասպելաբանությամբ:
Պատմա-քաղաքական օրինաչափություն կա, որ երբ Ռուսաստանը «հեռանում» է տարածաշրջանից, հայերի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում սեփական խնդիրները լուծելու համար: Նման երկու օրինակ կա վերջին հարյուրամյակում՝ 1918 թ. հայկական անկախ պետության ստեղծումը եւ հաղթանակը Ղարաբաղի պատերազմում: Երկու իրադարձությունն էլ համընկան Ռուսաստանի «հեռանալու» հետ:
Ընդ որում, երկու դեպքում էլ Ռուսաստանի հեռանալը հայերի համար վեր էր ածվում աղետի այն առումով, որ Ռուսաստանը փորձում էր իր հետ «հեռացնել» նաեւ հայերին: Այդպես եղավ Արեւմտյան Հայաստանում, այդպես էր նաեւ Ղարաբաղի պատերազմի սկզբում, երբ ռուսական բանակը տեղահանեց հայկական տասնյակ բնակավայրերի 10 հազար բնակչություն:
Իսկ երբ Ռուսաստանը «վերադառնում» էր, իր խնդիրները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ լուծում էր հայկական տարածքների ու շահերի հաշվին: Այդպես եղավ Առաջին հանրապետությունը կործանելուց հետո, երբ Ղարաբաղն ու Նախիջեւանը նվիրաբերվեց Ադրբեջանին, Կարսի ու Արդահանի գավառները՝ Թուրքիային: Բացի այդ, Մոսկվայում կնքվեց միջազգային իրավունքի տեսակետից անօրինական պայմանագիր Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ, որով Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի ու Հայաստանի ներկայիս սահմանները:
Ընդ որում, հատկանշական է, որ բոլոր այս իրադարձությունների ժամանակ ամենեւին նշանակություն չի ունեցել, թե Հայաստանում ինչ տիպի իշխանություն է՝ «ռուսամետ», թե ոչ: Օրինակ, 1921 թ. հայկական հողերի նվիրատվությունը կատարվեց ռուսական դրածո իշխանության օրոք:
Ներկայում, հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման պատճառ է նշվում Եվրոպայի հետ ասոցացման պայմանագիրը ստորագրելու խնդիրը եւ Հայաստանի փորձը՝ դուրս գալու Ռուսաստանի գերիշխանությունից ու միջազգային մեկուսացումից: Իհարկե, պետք չէ անտեսել այս հանգամանքը, ինչպես նաեւ այլ հանգամանքներ, սակայն սրանք «ածանցյալ» խնդիրներ են: Իսկ գլխավոր խնդիրը վերը նկարագրված շահերի մեջ է. հայ-ռուսական հարաբերություններում հերթական անգամ եկել է «անկեղծության պահը»:
Այս անգամ էլ փորձ է արվում խնդիրը նենգափոխել, «նեղացնել» եւ տեղափոխել այլ դաշտ, պատմաբարոյական եւ «քաղաքական» բնույթի սպառնալիքներով: Գործի է դրվել սպառնալիքների մի ողջ համակարգ՝ սկսած Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցների վիճակից, վերջացրած Եվրոպական ասոցիացիայի դեպքում Ղարաբաղը կորցնելուց: Սա վկայում է, որ Ռուսաստանը մտադիր չէ, ավելին, չի կարող հրաժարվել իր շահերից բխող քաղաքականությունից: Եւ չի բացառվում, որ Ռուսաստանը գիտակցաբար է գնում իրավիճակը սրելուն՝ հետագա աղետների մեղքը Հայաստանի վրա բարդելու համար: Ի դեպ, այս գործին է լծվել նաեւ Հայաստանում ռուսական կրեատուրան՝ ամենահարմար միջոցը մեղքը հայերի վրա բարդելու տեսակետից:
Սպառնալիքներն իրական են, եւ դրանք կան ամեն դեպքում, որոնք Ռուսաստանը փորձելու է իրականացնել անկախ նրանից՝ Հայաստանը կմնա ռուսական ուղեծրում, թե կստորագրի եվրոպական ասոցիացիան: Միակ խնդիրը հետեւյալն է՝ հայերը տեղի կտա՞ն դրանց, թե կպաշտպանեն սեփական շահերը: Եւ արդյոք Հայաստանում ռուսական կրեատուրայի գործունեությունը Մոսկվային համոզել է, որ հայերն ընդունակ չեն դրան:
Նման իրավիճակում, հայ-ռուսական հարաբերությունների խզումն անհավանական բան չէ: Ի վերջո, Հայաստանում գիտակցում են, որ ցանկացած իրավիճակում Ռուսաստանը ստիպված է հանձնել Հայաստանի շահերը: Հայաստանում նաեւ գիտակցում են, որ սեփական շահերը պաշտպանելն ամոթ չէ:
Ռուսաստանն ունի հայերից ազատվելու խնդիր, բայց եւ Մոսկվայում պետք է հասկանան, որ այս անգամ հայերը դժվար թե ընտրեն Ռուսաստանի շահից բխող աղետը: 

 

Հայկ Արամյան