168.am-ը տրանսպորտի թանկացումից բողոքող և սահմանված 150 դրամ սակագնի փոխարեն 100 դրամ վճարող անձանցից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են վարորդներն ու ուղևորներն արձագանքում իրենց քայլին: Քաղաքացիներից մեկն ասաց, որ մի քանի անգամ վճարել է 100 դրամ, սակայն վարորդներն իրեն ոչինիչ չեն ասել: «Եղել են դեպքեր, երբ ասել են՝ ջահել աղջիկ ես, և այլն, և այլն, բայց ավելորդություններ իրենց թույլ չեն տվել»,- պատմեց բողոքողներից մեկը: Նա նշեց նաև, որ որոշ ուղևորներ լավ չեն ընդունել իրենց նախաձեռնությունը, սկսել են պաշտպանել վարորդին, փորձել են խղճահարություն առաջացնել, սակայն ինքն էլ իր հերթին փորձել է բացատրել, որ բողոքը վարորդների դեմ չէ:

«Ոչ ցենզուրային»,- մեզ հետ զրույցում այսպես որակեց իր հանդեպ վարորդների վերաբերմունքն քաղաքացիներից մեկը՝ պատմելով, թե երբ ինքն իր ընկերուհու հետ վարորդին վճարել է 100 դրամ, վերջինս վիրավորել է իր «գերդաստանին»:

Քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ որոշել է այլևս աշխատանքի չգնալ. իր աշխատավարձը բավարարում է միայն տրասպորտի գումարին:

Նշենք, որ «Չեմ վճարելու 150 դրամ» և այլ կոչերով մի խումբ երիտասարդներ հավաքվել էին Մաշտոցի այգում և քննարկում էին իրենց հետագա գործողությունները: Ընթացքում նրանց միացավ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Վերջինս նշեց, որ նախ անհրաժեշտ է մոնիթորինգ անել Կենտրոն վարչական շրջանը, հասկանալ՝ ինչպիսի տրամադրվածություն ունի բնակչությունը: «Սա նորություն չէ, շատ ավելի դժվար բաներ են լինելու առջևում, ժողովուրդ ջան: Դրա համար մենք պետք է մեր լուման ներդնենք»,- տրանսպորտի թանկացման դեմ բողոքողների հետ զրույցի ժամանակ ասաց նա:

Մանրամասները՝ այստեղ: