«Վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ Երեւան հիմադրամից գումարներ է փոխանցվել Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հիմնադրամին: Քաղաքապետարանի այսօրվա գործողությունները ես որակում եմ ոչ այնքան իրավական, որովհետեւ հանրային քննարկում պետք է լիներ: Երկրորդը՝ եթե քաղաքապետարանը ուներ գումարներ, ապա թող բարի լիներ եւ այդ գումարներով սուբսիդավորեր հենց իր տրանսպորտը»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով հասարակական տրանսպորտի 50 տոկոսով բարձրացնելու քաղաքապետարանի որոշմանը, եւ քաղաքային իշխանությունների բացատրություններին, ասել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հարություն Բաղդասարյանը:
«Սա խոսում է այն մասին, որ ընտրությունները օրինական են եւ մենք այսքան ձայն հավաքեցինք: Ես չեմ ուզում խոսել այն մասին, որ քաղաքապետը նախկինում ասել է, որ նման բան չի լինելու եւ հիմա ավելացրել է գները, սա բոլորն էլ պետք է հասկանային: Նորմալ տնտեսական քաղաքականություն վարող երկրում պետք է հասկանան, որ աշխարհում գները բարձրանում են, եւ այստեղ էլ պետք է բարձրանա, բայց քաղաքապետարանը իր բյուջեի գումարները, այն գումարները որոնք գոյանում են շինարարությունից եւ այլնից, մարդկանց զոռով ստիպում են բյուջեն փող փոխանցեն: Մարդիկ փոխանցում են, իրենք վերցնում Սաշիկ Սարգսյանին են փոխանցում, եթե այդքան շատ եք սիրում քաղաքը, այդ փողը պահեք եւ այսօր սուբսիդավորեք:Ես հասկանում եմ այս ընդվզումը, գուցե այն 50 դրամի համար չէ, այն ավելի շատ երեւույթի մասին է խոսում, սա խոսում է քաղաքապետարանի ոչ քաղաքակիրթ, ոչ բարոյական կերպարի մասին»,-հավելել է Հարություն Բաղդասարյանը:
Մեր այն հարցին, թե այս դեպքում ավագանու անդամները ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն եւ արդյոք նրանք իրավասու՞ են պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը, Հարություն Բաղդասրյանը ասել է. «Որոշակի հանգամանքների առումով Սերժ Սարգսյանը կարող է ասի «Տարոն սիրուն չէ» եւ փոխել Տարոն Մարգարյանին, իսկ սա խոսում է ընդամենը քաղաքային իշխանության հեղաշրջման մասին, որը չգիտես ինչու քրեորեն պատժելի չէ: Ըստ իս, եթե հեղափոխությունները քրեորեն պատժելի են, այսինքն եթե ընդահանրապես իշխանության զավթումը քրեորեն պատժելի է, այսպես իշխանության փոփոխությունն էլ պետք է քրեորեն պատժելի լինի: Այսինքն Սերժ Սարգսյանը չպետք է հնարավորություն ունենար Տարոն Մարգարյանին փոխելու, բայց ես ենթադրում եմ, որ կփոխի, որպեսզի դրանով այսպես ասած մեղմացնի իրավիճակը»:
Սակայն այս դեպքում եւս ըստ փաստաբանի օրենքի խախտում է տեղի ունենում, քանի որ քաղաքային իշխանությունները հստակ երեւում է, որ պարզ չեն տիրապետում իրավիճակին, իսկ սա վտանգավոր է, եւ էական, քան 50 դրամով բարձրացումը:
«Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ 50 դրամը տալու ենք, եւ դրանով ոչ մեկս էլ չենք քյասիբանալու, կամ քաղաքապետարանն էլ չի հարստանալու, սակայն այստեղ հարցը գալիս է բարոյականության հարթության վրա եւ հասկանում ենք, որ եթե այսօր քաղաքապետարանը 50 դրամով չի կարողանում սուբսիդավորել, վաղը ավելի բարդ հարցերում ձեռքերը լվացնելու է եւ կողքի է քաշվելու»:
Փայլակ Ֆահրադյան
Լուսանկարը՝ shamshyan.com-ի