Կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ Երևանում տեղի ունեցող տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակցիաներին:
Վարչապետի խոսքերով՝ սա ինքնաբուխ շարժում է, որը չունի կուսակցական բնույթ: «Չնայած նրան, որ վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ կուսակցություններ, իհարկե, ցանկանում են օգտվել առիթից, բայց բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է տրանսպորտի սակագների փոփոխության վերաբերյալ։
Ավելի շուտ այս շարժումն ունի սոցիալական բնույթ, այսինքն՝ հասկանալի մղումներ են ղեկավարում երիտասարդներին, որոնք բարձրացնում են այս հարցը: Մենք ձեզ հետ միասին տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, և մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը պետական որոշումներ կայացնելիս։ Պետք է շատ ուշադիր լինենք քաղաքացիական հասարակության ձևավորման բոլոր խնդիրների շուրջ:
Տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը, անկախությունը նույնպես մեզ համար ունեն էական նշանակություն դեմոկրատական հասարակություն կառուցելու ճանապարհին։ Այդ առումով, իհարկե, այս որոշումն ամբողջությամբ Երևանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակներում գտնվող խնդիր է, բայց մենք չենք կարող ուշադրություն չդարձնել այն տրամադրություններին, որ այս որոշումը ստեղծում է հասարակության մեջ։ Սա առնչվում է, բնականաբար, գործադիր իշխանությանը, և մենք պարտավոր ենք այս խնդիրը պահել մեր ուշադրության կենտրոնում», - ասաց Տիգրան Սարգսյանը: