Երկարատեւ դադարից հետո այսօր գնդապետ Արտակ Բուդաղյանը galatv.am-ի հետ զրույցում պատմել է իր առողջական վիճակից: Նա ասել է, որ արդեն քիչ-քիչ կազդուրվում է եւ հունի մեջ է ընկել ու շարունակում է ծառայությունը:
Հավելենք, որ նա համաձայնվել է խոսել նախապայմանով, որ չլինեն հարցեր տեղի ունեցած կրակոցներից, եղբոր սպանությունից եւ առհասարակ գործի քննությունից: Խոսելով իր առողջական վիճակի մասին, նա ասել է.
«Ես արդեն նորմալ եմ, ծառայության մեջ եմ, այնպես որ ծառայությունս էլ նորմալ է, կազդուրվում եմ երեւի»,-ասել է Արտակ Բուդաղյանը՝ խնդրելով իրեն հնարավորինս քիչ հարցեր տալ, քանի որ նախ ծառայության մեջ է եւ ապա այնքան էլ լավ չի զգում իրեն: Ապա գնդապետ Բուդաղյանն ասել է նաեւ, որ իր հետ Արցախ են մեկնել նաեւ իրեն բուժող բժիշկները, ովքեր հետեւում են իր առողջությանը. «Այո՛,այստեղ ինձ հետ բժիշկներ կան, այնպես որ իմ առողջության հարցը նորմալ է, ես անցել եմ իմ գործին...»:
ԳԱԼԱ-ի հարցին, թե երբ է գալու ժամանակը, երբ գնդապետը կխոսի եւ կպատմի տեղի ունեցածի մասին՝ իր տեսանկյունից, Ա. Բուդաղյանը սկզբում լռել է, ապա ասել. «Կներեք, բայց ես ձեր այդ հարցին առայժմ չեմ պատասխանի»: