Հայ-թուրքական սահմանին սպանված հովիվ Մուստաֆա Ուլքերի եղբայրը՝ Ռամազանը, լրագրողներին ասել է, որ սահմանապահները կրակել են նաև իր ուղղությամբ, ընդ որում՝ առանց նախազգուշացման: Ինչպես հաղորդում է Hraparak.am-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին, Ուլքեր եղբայրները Կարսի նահանգի Աքյակա գյուղի բնակիչներ են, որտեղ հիմնականում էթնիկ ադրբեջանցիներ են բնակվում: Այդ օրը, նրանք սովորականի պես իրենց անասուններն էին արածեցնում սահմանամերձ գոտում:

«Նրանք կրակեցին մեր վրա և մենք պառկեցինք խոտերի վրա: Եղբայրս փորձեց ոտքի կանգնել և անմիջապես խփվեց: Ես փորձեցի մոտենալ նրան, բայց հայերը նռնակ նետեցին իմ ուղղությամբ», - պատմում է Ռամազանը:

Սպանված հովիվի հարազատները պատրաստվում են դատի տալ Հայաստանին: Գուրբուզ Ուլքերի խոսքերով, Հայաստանի դեմ հայցը կներկայացվի միջազգային դատական ատյաններ: «Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի կառավարությունը մեզ օգնություն կցուցաբերի արդարության հասնելու գործում», - նշել է սպանված հովիվի հարազատը: