Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մերժել է ընդդիմության գրոհայինների հետ քաղաքական երկխոսության հնարավորությունը և կոչ արել երկաթե բռունցքով հարված հասցնել ահաբեկիչներին: Նման հայտարարությամբ Սիրիայի նախագահը հանդես է եկել պետական հեռուստաընկերությամբ. գրում է ИТАР-ТАСС-ը:

Ոչ մի ողջամիտ մարդու մտքով չի անցնի, թե ահաբեկիչների հետ հնարավոր է հարց լուծել քաղաքական միջոցներով, ասել է նախագահը՝ նշելով, որ գրոհայիններին անհրաժեշտ է երկաթե բռունցքով հարվածներ հասցնել:

Ասադը նաև հայտարարել է, որ Սիրիայի հեղափոխական և ընդդիմնադիր ուժերի ազգային կոալիցիան անկում է ապրում և այլևս ոչ մի դեր չի խաղում երկրում ճգնաժամի հաղթահարման գործում, որը, նրա խոսքերով, կարող է կարգավորվել միայն եթե երկրում արմատախիլ արվի ահաբեկչությունը:

Ասադը հավելել է, որ Սիրիան այժմ պետք է որոշի, թե ինչպիսի պետություն է այն ուզում դառնալ, օրենքի պետություն, թե՝ պետություն, որտեղ իշխանությունը պատկանում է գողերին և ավազակներին: