«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենքի վերաբերյալ բուռն քննարկումներին է անդրադարձել նաև ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը:
Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Օրենքի հեղինակներն են ՀՀ կառավարությունը և ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը: Պետք է նշեմ, որ դեռևս 2009թ. ԱԺ-ում Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի և Արծրունի Աղաջանյանի հեղինակությամբ շրջանառության մեջ դրվեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» օրենքի նախագիծը: Նկատենք, որ այն նախագիծը, որը ի սկզբանե ՕԵԿ պատգամավորների կողմից դրվել է շրջանառության մեջ, ունեցել է այլ անվանում և բովանդակություն (http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=3200&Reading=0:):
ՕԵԿ պատգամավորների հեղինակած նախագծի քննարկումը 23.02.2009թ. մինչև 02.12.2011թ. ընկած ժամանակահատվածում ԱԺ-ում հետաձգվել է 10 անգամ' Կառավարության համար ընդունելի չլինելու և լրամշակելու անհրաժեշտություն ունենալու պատճառով: Այնուհետև 2011թ. Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում «Գենդերի մասին» իր հեղինակած նախագիծը (Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին) (http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=5113&Reading=0): Քանի որ Ազգային ժողովում արդեն կար ՕԵԿ պատգամավորների կողմից հեղինակած նմանատիպ նախագիծ, ապա որոշում է ընդունվում միավորել երկու նախագծերը: Միավորման արդյունքում ստացվում է այն, ինչը հետագայում որպես օրենք ընդունվեց: 2 նախագծերի պատմությունը արտացոլված է Ազգային ժողովի կայքում (http://www.parliament.am/draft_history.php?id=5217&lang=arm):
Հարկ եմ համարում ևս մեկ անգամ փաստել, որ ՕԵԿ պատգամավորների հեղինակած նախագծում ի սկզբանե չի եղել մասնավորապես այն հոդվածը, որը առաջացրել է դժգոհություն և անհանգստություն հասարակության մոտ:
Այսինքն այս հոդվածը' Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները
1. Սույն հոդվածում սահմանված հասկացությունները սույն օրենքում ունեն հետեւյալ համապատասխան իմաստները.
1) Գենդեր, գենդերային' տարբեր սեռի անձանց' ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը....):
ՕԵԿ ներկայացրած նախագծում այն ունեցել է հետևյալ բովանդակությունը'
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
- գենդեր - հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց եւ տղամարդկանց միջեւ հասարակայնորեն հիմնավորված տարբերություն եւ հարաբերություն /մշակութային բնութագրերի ամբողջություն, որը որոշում է կանանց եւ տղամարդկանց սոցիալական վարքը, նրանց փոխհարաբերությունները/,
- գենդերային հավասարություն- հասարակության մեջ կանանց եւ տղամարդկանց հավասար կարգավիճակ' մարդու իրավունքների եւ հնարավորություների իրականացման հավասար պայմաններով /հավասար իրավունքներ, հավասար պարտականություններ, հավասար հնարավորություններ…:
Խնդրի հետ կապված պարզաբանմամբ է հանդես եկել նաև օրենքի համահեղինակ Հովհաննես Մարգարյանը (http://www.tert.am/am/news/2013/08/07/gender-law/, http://replik.am/arm/index.php?id=25077), հետևաբար այլ մեկնաբանություն տալու անհրաժեշտություն չեմ տեսնում:
Սեպտեմբերին' ԱԺ աշխատանքների սկսվելուց անմիջապես հետո, վստահ եմ, օրենքում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ:
Այժմ մի քանի խոսք օրենքի մասին: ՕԵԿ ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ նշվում էր' Oրենքը սահմանում է կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքները, ուղղված է կանխելու խտրականության բոլոր ձեւերը սեռային հատկանիշի հիման վրա եւ պայմաններ ստեղծելու մարդու եւ քաղաքացու իրավունքների, ազատությունների եւ հնարավորությունների փաստացի իրականացմանը պետական, հասարակական, քաղաքական կյանքի ոլորտներում:
Օրենքի ընդունումը բխում էր' Եվրախորհրդի Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերից, ՀՀ կառավարության «ՀՀ-ում կանանց վիճակի բարելավման եւ հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թ.թ. ազգային ծրագրից /ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 8-ի թիվ 645 որոշում/, ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիայից, Պեկինի 4-րդ համաշխարհային համաժողովի /1995թ./ հանձնարարականներից, ՄԱԿ-ի հազարամյակի հռչակագրի պահանջներից եւ ՀՀ միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարումից:
Օրենքը կնպաստի կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովմանը' որպես ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն եւ քաղաքացիական հասրակություն կառուցելու նախապայման:
Հ.Գ. ՕԵԿ-ը ձեռնամուխ է եղել նման օրենքի մշակմանը վերը նշված նպատակների իրականացման համար, վերը նշված հիմնավորումը կյանքի կոչելու համար: