Այսօր Ազատության հրապարակում հանրահավաք էին կազմակերպել արդեն տևական ժամանակ նստացույց անող ազատամարտիկները:

mediamall.am-ի թղթակցի փոխանցմամբ' հանրահավաքին ելույթ ունեցավ նաև արվեստի վաստակավոր գործիչ դերասան Երվանդ Մանարյանը.

«Անկեղծ ասած' այսօրվա հավաքը, իմ կարծիքով, չպետք է կայանար: Այս վիճակին չպետք է հասներ, որ ազատամարտիկները հավաք անեին, սա չպետք է լիներ: Կուսակցական խնդիրները այլ են, բայց այն մարդը ով իր ազատագրած երկրում նորից ոտքի է կանգնում, որպեսզի ազատագրված երկիրը ազատագրի, դա ամոթ է իր երկրի համար: Ես մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք այնուամենայնիվ դուրս գալ այս վիճակից: Սերունդների հարց է. մեր սերունդը չի կարող հաշտվել այսպիսի վախճան ունենալու մտքի հետ, որ ազատամարտիկի գերեզմանի քարը լափել են: Մնում է մի բան ասել՝ «ա՛յ բկիդ նստի, աչքերդ բռնի»:

Շատ բան չկա ասելու: Ես կարծում եմ՝ մեր ամենամեծ թերթությունն այն է, որ չենք կարողանում իրար կողքին կանգնել: Էսքան կուսակցություն է գնում գալիս, բայց ոչ մեկը չի կարողանում մի խնդիր լուծել, էս երկիրը տանելի երկիր դարձնել:

Մենք լավ սերունդ չենք դաստիարակում: Մենք դաստիարակել ենք մարդկանց, ովքեր վազում են իրենց շահերի հետևից' անունը դնելով «կուսակցականություն»: Մեզ պետք չէ այդ կուսակցականությունը: Ես չեմ հավատում, որ այդ մարդիկ կարող են մեզ ճիշտ ճանապարհը ցույց տալ: Այստեղ կանգնած ենք իրար կողքի, և այսքանը բավարար է, որ ճիշտ ճանապարահը գտնենք: Ովքեր հույս ունեն, որ երկիրը դատարակվելու է, սխալվում են: Էս երկիրն իմ հայրն է տվել, ու ես իմ ձեռքից բաց չե'մ թողնի, չե'մ տա»,- իր ելույթում ասաց Մանարյանը: