168.am-ը գրում է.
Այս օրերին համացանցում լայնորեն շրջանառվում և քննարկվում է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի' Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակը, որը մինչև հասցեատիրոջը հասնելը անհասկանալի պատճառներով նախապես տարածվեց համացանցում: Թերևս արդեն սովորություն է դարձել շատերի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին առնչված նամակագրությունը համացանցի միջոցով դարձնել հանրության սեփականությունը: Դրդապատճառների մասին կարելի է միայն ենթադրել, մինչդեռ իրականում նման գործելաոճը պատշաճ չէ բարձրաստիճան եկեղեցականին:
Պատրիարք Սրբազանի նամակի հետ կապված կցանկանայինք ներկայացնել մեր անձնական մտածումները' բնավ չհավակնելով արտահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական մեկնաբանությունը, որը, վստահ ենք, շուտով կլինի: Նախ անհասկանալի է, թե Պատրիարք Սրբազանը ինչու չմասնակցեց հուլիս 30-31-ին տեղի ունեցած Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովին, քանի որ Պատրիարքը' իբրև ժողովի համաատենապետ, ստացել էր ժողովին մասնակցելու հրավեր:
Նախապես տեղեկացված էր, որ ժողովի ընթացքում քննության էր առնվելու Նորվան Սրբազանի հրաժարականի դիմումը, հետևաբար հրաժարականի առնչությամբ իր դիրքորոշումը Պատրիարքը կարող էր բարձրաձայնել Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովում, այլ ոչ թե արհամարհելով ժողովին մասնակցելու հրավերը' մեկնաբաներ ժողովի որոշումը մի քանի օր անց: Երկրորդ' Ամենապատիվ Պատրիարքն իր նամակում նշում է, որ Նորվան Սրբազանի առաջնորդական շրջանը ավարտվում է նոյեմբեր 1-ին, և Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները կարող էին այդ ժամանակ ընդունել Սրբազանի հրաժարականը, մինչդեռ Պատրիարք Սրբազանը չի անդրադառնում, որ Գերագույն Հոգևոր Խորհուրդը հրաժարականը ընդունել է հենց նոյեմբեր 1-ով, քանի որ Նորվան Սրբազանը իր դիմումում նշել էր այդ թվականը, հետևաբար մինչև նոյեմբեր 1-ը նա պետք է պաշտոնավարի: Այս առումով ևս անհասկանալի է Պատրիարքի դիտողությունը:
Երրորդը, որն ամենից շատ մտահոգեց մեզ' իբրև երիտասարդ եկեղեցականի, դա Պատրիարքի նամակի այն հատվածն է, որտեղ նշվում է, թե վախի և սպառնալիքի մեջ անկարելի է եկեղեցականների առողջ սերունդներ «հասցնել», ինչի պատճատով պետք է տուժեն մեր ժողովուրդը և Մայր Եկեղեցին, որոնք ավելի քան երբևէ մաքրակրոն և իրական եկեղեցականների կարիք ունեն և ոչ թե «գարշապար լիզողներու»:
Մանրամասները՝ 168.am-ում