Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է Երևան քաղաքի բնակիչ Հրանտ Հովհաննիսյանի կողմից ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Ռոբերտ Վարդանյանի նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ պարզվել է, որ Հրանտ Հովհաննիսյանն Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում գտնվող հայրական տունը ոստիկանության աշխատակից Ռոբերտ Վարդանյանի հորը վաճառելու պատճառով ունեցել է գույքային վեճ ու տևական ժամանակ հետապնդել Ռոբերտ Վարդանյանին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, Հրանտ Հովհաննիսյանը ոստիկանության աշխատակցի դեմ բազմաթիվ բողոքներ է հասցեագրել պետական տարբեր ատյաններ և շարունակ դժգոհ է մնացել Ռոբերտ Վարդանյանին քրեական պատասխանատվության չենթարկելու, նվազագույնը' աշխատանքից չազատելու համար:

Վրեժխնդիր լինելու դիտավորությամբ, միջադեպ սադրելու և հետագայում դրա շահարկմամբ բողոքելու ու ոստիկանության աշխատակցին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր ստեղծելու նպատակով, անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ակնկալիքով' 2013թ. մարտի 12-ին Հատուկ քննչական ծառայություն է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում, որով պաշտոնատար անձ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչ Ռոբերտ Վարդանյանին մեղադրել է բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ:

Այսպես, Հրանտ Հովհաննիսյանը Հատուկ քննչական ծառայություն է ներկայացրել հաղորդում' այն մասին, որ 2013 թվականի մարտի 10-ին' ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Կենտրոնական բանկի» մոտով ընթանալիս իրեն թվացել է, թե «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչ Ռոբերտ Վարդանյանը կանգնեցրել է իրեն:

Հրանտ Հովհաննիսյանը մոտենալով տեսուչ Ռոբերտ Վարդանյանին ու պարզելով, որ իրեն չեն կանգնեցրել, ցանկացել է վերադառնալ ավտոմեքենայի մոտ: Սակայն, ինչպես հաղորդում է Հրանտ Հովհաննիսյանը, ոստիկանության ավտոմեքենայի ղեկին նստած Ռոբերտ Վարդանյանը, իբր, նախ' հայհոյել է իրեն, ապա' հարվածել դեմքին:

Հրանտ Հովհաննիսյանը խնդրել է ոստիկանի ապօրինությունների վերաբերյալ հարուցել քրեական գործ, միաժամանակ հայտնել է, որ տեսաձայնագրել է ոստիկանի կողմից իրեն հարվածելու պահը:

Հրանտ Հովհաննիսյանն այսքանով էլ չի բավարարվել. խաթարելով իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը, միաժամանակ խախտելով Ռոբերտ Վարդանյանի իրավունքներն ու օրինական շահերը' շարունակել է իր դիմումներով նույնաբովանդակ սուտ տեղեկություններ հաղորդել քրեական գործ հարուցելու պահանջով:

Մինչդեռ, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով' դեպքին ականատես վկաների, տուժող Ռ. Վարդանյանի ցուցմունքներով, Հրանտ Հովհաննիսյանի կողմից նախաքննական մարմնին ներկայացրած տեսաերիզի զննությամբ միանշանակ հերքվել են ոստիկանության աշխատակցի կողմից Հրանտ Հովհաննիսյանի նկատմամբ բռնություն գործադրելու և պաշտոնակեական լիազորություններն անցնելու հանգամանքները:

Սուտ մատնություն կատարելու համար Հրանտ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը' բնակավայրից չհեռանալու մասին:

Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է հսկող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: