Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին՝ ասելով, որ ինքնակամ է հատել սահմանը: Զինվորը Ոսկեվազ գյուղից է: ԳԱԼԱ-ն զրուցել է նույն համայնքի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանի հետ, ով չի հավատում այն հանգամանքին, որ զինվորը կարող էր ինքնակամ անցել անդրբեջանական սահմանը:

«Ոչ մի բան չեմ հասկանում էդ տեսանյութից, թուրքերեն է, հենց հիմա էլ նայում եմ, մի երկու բառ լսեցի ընդամենը, ոնց կարար էդ էրեխեն ինքնակամ հանձնվեր, երևի վախեցրել են, էրեխեն էլ վախեցած ասել է. նրա դեմքի արտահայտությունից էլ երևում է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում, խոսելով Ա

«Ադրբեջանին ո՞վ չի ճանաչում, որ նման կերպար ունի, ես ի՞նչ ասեմ»,- նշեց գյուղապետն այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, տեսանկարահանել ռազմագերուն:

Հարցին, թե Հակոբը երբևէ չի՞ բողոքել իր ծառայությունից, խնդիրներ չի՞ ունեցել հրամանատարական կազմի հետ, գյուղապետը պատասխանեց. «Ոչ իր կողմից է բողոք եղել, ոչ էլ հրամանատարության կողմից, իր համար խելոք ծառայել է, արձակուրդ եկել»:

Զրուցեցինք ԱԺ անկուսակցական պատգամավոր, իրավապաշտպան Էդմոն Մարուքյանի հետ, ով նշեց, որ ռազմագերուն տեսանկարահանելը դիտարկվում է ոչ թե մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, այլ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում.

«Ռազմագերիների հետ վարվելու կանոնները սահմանվում են միջազգային մարդասիրական իրավունքով, և բնականաբար, եթե ճնշումներ են եղել նրա նկատմամբ, որպեսզի հարցազրույց տա, դա խախտում է, և պրակտիկան Ադրբեջանի պարագայում շարունակվում է, որովհետև սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանի զինվորները, գերի ընկնելով, Ադրբեջանում նման հարցազրույցներ են տալիս և հրապարակային տարածում. դա նաև մեր բանակի մասին վատ ազդեցություն թողնելու եղանակ է՝ ցույց տալու համար, որ բանակում վատ վիճակ է, դրա համար են սահմանը հատել, բայց տվյալ պարագայում չի բացառվում, որ ընդհանրապես այլ իրավիճակում է նա հայտնվել սահմանին:

Ես չեմ կարծում, որ էդ հարցազրույցը զինվորը կամավոր է տվել, իսկ եթե նրան ճնշել են, նոր հարցազրույցը ստացել, դա միանշանակ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է: Հայաստանը պետք է բարձրացնի այդ խնդիրը, առաջին հերթին Կարմիր Խաչի միջոցով, որը իր մարդասիրական խողովակների միջոցով պետք է արձանագրի, որ դա խախտում է, որի մասին մենք չենք իմանա. դա գաղտնի պետք է անել, եթե խախտում գտնի, միայն տվյալ պետությանն է տեղեկացնում:

Խախտումը և ռազմագերիներին վատ պայմաններում պահելը ևս մեկ անգամ ապացուցվեց Ադրբեջանի կողմից»,- նշեց Մարուքյանը:

Զրուցեցինք նաև իրավապաշտպան Երվանդ Վարոսյանի հետ, ով նշեց, որ տեսանյութում տեղեկություններն այնքան քիչ են, որ միջադեպից որևէ բան ասել հնարավոր չէ.

«Միայն հստակ տեղեկություններ ստանալուց հետո, երբ պարզվի, թե ինչն է եղել պատճառը, ինչ վիճակում է գտնվել հակառակորդի կողմն անցնելուց հետո, ինչ է տեղի ունեցել, միայն դրանից հետո կարելի է եզրահանգումներ անել:

Ամեն ինչ կախված է զինվորի կամահայտնությունից, այդ մասին որևէ տեղեկություն չունենալու պատճառով որևէ բան ասել չեմ կարող»:

Սեդա Ղուկասյան