Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն անկեղծացավ՝ պատմելով, թե ինչպես է վիրավորվել մի քանի ակտիվիստներից: Նա վստահեցրեց, որ միշտ հարգալից է բոլորի, անգամ՝ անհարգալից ակտիվիստների հետ. «Իրենց ճիշտ չեն պահում իրենց պահելաձեւով, վիրավորանքներ հասցնելով, դիմելաձեւով: Մի օրինակ բերեմ. ես 25 տարվա աշխատանքային փորձ ունեմ ուսադիրի տակ: Ձեզ ի՞նչ է թվում՝ գնդապետ Օսիպյանը չի՞ կարողանում տարբերել առեւանգումը որն է: Դա մի բառով կարելի է ասել գողանալ, ճի՞շտ է: Օսիպյանն իրավունք ունի՞ անգամ արեւի տակ շփոթի եւ ասի՝ առեւանգումը դա այն է, երբ կյանքին վտանգ է սպառնում: Դա մի քանի հոգի մատի փաթաթան սարքեցին, ասեցին՝ պարոն Օսիպյանը տեսեք, չգիտի առեւանգումն ինչ է: Դեռ նոր ընդունվող շարքայինները գիտեն առեւանգումն ինչ է, մնաց ես չիմանամ: Մի ակտիվիստ էլ ինձ ուղղություն է տալիս, թե պարոն Օսիպյանին ուղարկեք հայոց լեզվի դասատուի մոտ՝ ապօրինի չկա ազատությունից զրկել, կա ապօրինաբար: Հիմա այդ երիտասարդի անունը չեմ տալիս, բայց հստակ գիտեմ դա ով է: Այդ երիտասարդին հիմա խորհուրդ կտամ, որ գնա իր դասատուի մոտ, որովհետեւ նա այդ դասերից բացակայել է: Հարգելի ակտիվիստը թող բացի Քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածը եւ կարդա: Այն ասում է՝ քաղաքացուն ապօրինի ազատությունից զրկելը, ոչ թե ապօրինաբար»: Վալերի Օսիպյանն այնքան էր վիրավորվել ակտիվիստներից, որ մի քանի րոպե ոգեւորված պատմում էր, թե ինչ սխալներ են թույլ տալիս ակտիվիստները. «Թող մի հատ իրենք հետեւեն իրենց սխալներին: Անպայման միտում են հետապնդում ոստիկաններին հրահրելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ