Համացանցից օգտվում է Երկիր մոլորակի բնակչության մեծ մասը, իսկ ովքե՞ր են տեղյակ' ե՞րբ և ու՞մ կողմից է այն ստեղծվել և ի՞նչ նպատակով:

Համացանց հասկացությունը ստեղծվել է 1960-ական թվականներին' ԱՄՆ պաշտպանողական ուժերի կողմից:

Իսկ ինչու՞ հենց նման ուժերի կողմից, այլ ոչ թե, ասենք, մեկ այլ' ավելի քիչ կարևորություն ունեցող մարմնի: Որևէ մեկը երբևէ հետաքրքրվե՞լ է այդ մասին:

Այս մասին մի փոքր ուշ, իսկ այժմ, որպես օրինակ, ներկայացնենք բոլորիս հայտնի Facebook սոցիալական ցանցը:

Եթե Facebook-ը լիներ պետություն, ապա այն իր բնակչության թվով աշխարհում կզբաղեցներ 3-րդ տեղը: Facebook-ի օգտատերերը ամսական կայք են ներբեռնում 3 միլիարդ լուսանկար, բացի այդ, անձը, գրանցվելով նշված սոց. ցանցում, տեղադրում է իր անձի մասին որոշակի ինֆորմացիա, օրինակ' բնակության վայր, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և այլն:

Գաղտնիք չէ նաև այն, որ շատ և շատ հանցագործություններ, հատկապես միջազգային, բացահայտվում են հենց համացանցի միջոցով: Դրա միջոցով հնարավոր է լինում անգամ ֆիքսել անձի գտնվելու վայրը և հեշտությամբ գտնել նրան:

Կարծում ենք, որ գաղտնիք չէ նաև այն, որ հատուկ ծառայությունները կարող են հեշտությամբ կարդալ սոցիալական ցանցում գրանցված յուրաքանչյուրի գաղտնի նամակագրությունը…

Ահա այս ամենն է, որ հաշվի են առել ԱՄՆ պաշտպանողական ուժերը' համացանցը ստեղծելիս:

Իսկ կարո՞ղ են արդյոք Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմինները վերահսկել քաղաքացիների նամակագրությունը:

«Այս առումով պետք է իմանալ, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք: Քրեական դատավարության ընթացքում արգելվում է անձին նշված իրավունքներից ապօրինի զրկելը կամ այդ իրավունքները սահմանափակելը»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում. «Քրեական դատավարության ընթացքում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումները վերահսկելը, հեռախոսային խոսակցությունները լսելը կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ' օրենքով սահմանված կարգով»:

Ինչևէ, չմոռանանք նաև համացանցի օգտակար կողմերի մասին, այդ թվում նաև' հանցագործությունների բացահայտմանը նպաստող հատկության, օգտվենք համացանցից, սակայն ցուցաբերենք որոշակի զգուշություն:

Իրավաբան.net