Օգոստոսի 14-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մասնակցեց ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի եւ «Գնումների աջակցման կենտրոնի»-ի նախաձեռնած' գնումների գործընթացի կազմակերպմանն ու ընթացակարգերին նվիրված քննարկմանը:
Միջոցառման բացմանը Դավիթ Սարգսյանը բարձր գնահատեց երկու կազմակերպությունների համագործակցությունը եւ հատկապես համատեղ ջանքերով ստեղծված' գնումների մասին օգտակար եւ ուսուցողական ձեռնարկը: Նախարարն ընդգծեց, որ գնումների ոլորտի բարեփոխումները հանդիսանում են ֆինանսների նախարարության առաջնահերթություններից մեկը եւ այս համատեքստում կարեւոր համարեց գնումների որակը բարելավելուն ուղղված ցանկացած քայլ: Նախարարի խոսքով' այսօր գործում է գնումների ապակենտրոնացված համակարգ, երբ ֆինանսների նախարարությունը եւ գնումների աջակցման կենտրոնը կարգավորում են ոլորտը, իսկ գնումներն իրականացնում են պետական մարմիններն ու նրանց մասնագետները: Այս պարագայում մեթոդական ձեռնարկը բանախոսը խիստ կարեւոր գործիք համարեց թե այդ մասնագետների, թե բիզնեսի' հատկապես փոքր ու միջին, ներկայացուցիչների ձեռքում:
Ֆինանսների նախարարը խոսեց նաեւ գնումների համակարգի թափանցիկության եւ գործընթացում հասարակության ներգրավվածության մասին' նշելով, որ պետությունն ավելի ու ավելի է ընդլայնում հասարակությանը տրամադրվող տեղեկությունների շրջանակը: Պաշտոնական կայքէջերում այսօր կարելի է գտնել գնումների մրցույթներում հաղթողների մասին տեղեկություններ, մեկ անձանցից գնումների պայմանագրերը, բյուջեի ինտերակտիվ ծախսերը եւ այլն:
«Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է այս աննախադեպ թափանցիկությունը եւս մեկ աստիճանով բարելավելու գործը: Ներկայումս յուրաքանչյուր օր, ինտերակտիվ բյուջեի շնորհիվ, կարելի է հետեւել կատարված բոլոր ծախսերին, բյուջեից բոլոր փոխանցումներին: Այսօր մենք գնում ենք մեկ քայլ առաջ եւ արդեն իսկ կայքում մի քանի օր է' սկսել ենք տեղադրել բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել են այդ փոխանցումների հիմքում: Մինչդեռ նախկինում տեղադրվում էին միայն մեկ անձի միջոցով կատարված գնումների պայմանագրերը: Սա եւս մեկ լրացուցիչ խթան կհանդիսանա մեր վերլուծաբանների համար' հետեւելու պետության գործունեությանն այս ոլորտում»,-հայտնեց ֆինանսների նախարարը:
Մինչ քննարկումն ու ձեռնարկի շնորհանդեսը' ներկաներին ողջունեցին նաեւ զարգացման գործակալության ծրագրի ղեկավար Ջոն Դոունսը եւ Գնումների աջակցման կենտրոնի պետի պաշտոնակատար Արթուր Առաքելյանը: