Անդրիաս Ղուկասյանը բաց նամակ է հղել Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին, որում մասնավորապես ասվում է.
«Ժողովրդավարական պետությունում լրագրողները կազմում են քաղաքացիական հանրության մաս, իսկ քրեաօլիգարխիկ պետությունում ծառայում են վարչախմբին՝ հանրության դեմ կատարվող հանցագործությունները քողարկելու գործում։ Ուստի զարմանալի չէ, որ հայաստանյան լրատվամիջոցներն ի վիճակի չեն բացատրություններ պահանջել ոստիկանությունից՝ օգոստոսի 13-ին Միհրան Մելքոնյանի ձերբակալության հարցով։
Ինչպե՞ս ստացվեց, որ ս․թ․հուլիսի 2-ից հետախուզման մեջ գտնվող քաղաքացին, հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում, ակտիվ մասնակցություն է ունեցել Երեւանի կենտրոնում հրապարակային բողոքի միջոցառումներին, այդ թվում՝ քաղաքապետարանի մոտ իրականացվող շուրջօրյա նստացույցին, անձամբ շփվել է ոստիկանության բարձրաստիճան սպաների հետ, բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք եւ բաց թողնվել, երկու անգամ ոստիկանության հորդորով անձամբ ներկայացրել է հայտարարություն՝ իր դեմ կատարված ոտնձգությունների մասին։
Այս հարցը կարող է ունենալ միայն երկու պատասխան․ մեր երկրում ոստիկանությունը այնքան անտարբեր է դարձել իր օրինական պարտականությունների նկատմամբ, որ ի վիճակի չէ իրականացնել օպերատիվ-հետախուզական գործողություններ, կամ էլ ի սկզբանե շինծու էր Միհրան Մելքոնյանին ներկայացված այն մեղադրանքը, ըստ որի նա օրենքով սահմանված կարգով պատշաճ նախազգուշացված է եղել, սակայն չարամտորեն խախտել է պայմանական-վաղաժամկետ ազատման պայմանները։
Քանի որ ոչ մի ոստիկան առայսօր պատասխանատվության չի ենթարկվել բացահայտ ծառայողական անփութություն դրսեւորելու համար, ապա մնում է մտածել, որ Միհրան Մելքոնյանի ձերբակալությունն ունի քաղաքական ենթատեքստ, ինչն իր հերթին նշանակում է անձի նկատմամբ կրկնակի պատժի կիրառում' քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու համար։
Դիմում եմ հասարակական գործիչներին, ովքեր հանրության առջեւ ստանձնել են Հայաստանում իրավունքի պաշտպանություն իրականացնելու պարտականություն, պարզություն մտցնել հետեւյալ հարցում' Միհրան Մելքոնյանը քաղբանտարկյա՞լ է։ Եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ վարչախումբը կրկին որոշել է կասեցնել ընդդիմադիր շարժումները' դրանց մասնակիցների ազատազրկման միջոցով։
Հանրային շահը պաշտպանող քաղաքացիական շարժման մասնակիցների նկատմամբ վարչախմբի վրեժխնդրության կասեցումը բխում է յուրաքանչյուր ազնիվ հայ մարդու կենսական շահերից։ Հանրությունը պարտավոր է պաշտպանել բոլոր նրանց, ովքեր համարձակություն ունեն դուրս գալ քրեական օլիգարխիայի դեմ՝ հանուն մեր երկրում ժողովրդավարական եւ իրավական պետության հաստատման»։
Անդրիաս Ղուկասյան
Երեւան, 15 օգոստոսի, 2013թ․