Tert.am - Ֆրանսիայում բնակվող պատմաբան Գեղամ Գևոնյանը Մուշի պատմական Քալե թաղամասում հայկական տները քանդելու դեմ բաց նամակ է գրել։
Օսմանյան կայսրության խորհրդարանի պատգամավոր՝ Մուշից ընտրված առաջին ու վերջին հայի՝ Գեղամ Տեր-Կարապետյանի թոռ Գևոնյանը Թուրքիայի հանրությանը հարցրել է. «Մինչ այսօր ավերվածը բավարար չէ՞»։
«Ակօս»-ում հրապարակված նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հայերը պատմության ընթացքից դուրս չեն մնացել. հենց այդ պատճառով էլ մեր օրերի Թուրքիան նաև հայերինն է, և ապագայում նրանք դրա բաղադրիչներից մեկն են լինելու։ Ես հավատով եմ գրում այս տողերը։ Միաժամանակ գրում եմ Ապրիլի 24-ի կոտորածից փրկված, սակայն 1918թ.-ին Պոլսում մահացած հայ առաջին, գուցեև միակ պատգամավոր Գեղամ Տեր-Կարապետյանի անունից։
Ես եղել եմ մի ժամանակ պապիս բնակված Մուշում և տեսել եմ իմ քաղաքի վերքերը։
Այնտեղ փնտրել եմ հայերի եկեղեցիները, դպրոցները։ Շրջել եմ մեծ գերեզմանոցում, տեսել դատարկ փոսեր, կտոր-կտոր եղած կամ շրջված գերեզմանաքարեր։ Այդ տներն էլ եմ տեսել, այդ տները, որոնք այժմ քանդվում են։ Այսօր հարցնում եմ՝ մինչ այժմ քանդվածները բավարար չե՞ն։ Արդեն պատմությունն իր բազմազանության և ամբողջականության մեջ ընդունելու ժամանակը չէ՞, որպեսզի ապագա սերունդները ձեզ արդար համարեն։ Դրա համար ջանքեր գործադրելու ժամանակը չի՞ եկել։
Իմացանք, որ Մուշի հին տները քանդում են։ Այդ տների տեղում նոր շենքեր և մզկիթ է կառուցվելու։ Միևնույն ժամանակ պատմությունը մեր աչքի առաջ լուռ անհետանալու է, դրա անհանգստացնող գոյությունը քանդում են, որ ապագայում վնաս չտա։
Պատմությունը, ինչպես ողջ աշխարհում, Մուշում էլ աղոտ է և շատ խառը։ Հայերը, ինչպես Թուրքիայի շատ շրջաններում, շատ վաղուց բնակվել են այնտեղ, այնքան՝ մինչև ապրելու իրավունքը խլեցին ձեռքներից։ Այժմ էլ, երբ ոմանք ասում են, որ այդ տները հայերի են պատկանել, ո՞վ է լսողը։
Քանդվող տները պատկանում են մի ժամանակաշրջանի, երբ հայերը և հայ չեղողները կողք կողքի էին ապրում։
1915թ.-ին Մուշի հայերով բնակեցված թաղամասերի քանդումից հետո, այսօր այդտեղի տներն ավելի մեծ ուշադրության են արժանի։
Այդ քանդմանն ի սկզբանե դեմ լինելով ցույցերի դուրս եկածները գովասանքի արժանի քայլ են արել և նրանց արած հայտարարությանը միացած Մուշի երկու պատգամավորների շնորհիվ շինարարությունը կարճ ժամանակով դադարեցվել է։ Սակայն այդ որոշումից առաջ շտապողաբար քանդված տների մասին ի՞նչ կարող ենք ասել։ Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ շինարարությունը չի վերսկսվելու։
Պաշտոնյաների անելիք միակ ճիշտ քայլն իրագործվող նախագծի փոխարեն նոր նախագծի պատրաստումը կլինի, որով դեռևս կանգուն տները պաշտպանության տակ կառնվեն, քանդված, սակայն վերականգնվելու ենթակա տները կվերակառուցվեն։
Դրանից բացի, Մուշում գտնվող (եթե դեռ իրենց տեղում են) հայկական գերեզմանատները, եկեղեցիները և այլ շինություններ պաշտպանության տակ պիտի առնվեն և պետք է գտնվեն դրանք հայերին վերադարձնելու ճանապարհները։ Դա ոչ միայն իմ, այլ շատ մարդկանց տեսակետն ու ակնկալիքն է»։