Galatv.am - Պատահմամբ ադրբեջանական սահմանը հատած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանից տեղեկություններ ստանալու ակնկալիքով այսօր ԳԱԼԱ-ն կապ է հաստատել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հետ:

Հարկ ենք համարում նշել, որ մեր անգլերեն հարցերին ՊՆ-ից չկարողացան պատասխանել, ստիպված էինք ռուսերենով դիմել:

Նախարարության աշխատակիցը մեզ հորդորեց իրենց զանգահարել կես ժամից:

Կես ժամ անց մեզ հետ զրուցեց Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն: Նա հարցերին պատասխանում էր կցկտուր:

ՊՆ պատասխանատուից նախ հետաքրքրվեցինք, թե ինչպես է հայ ռազմագերին իրեն զգում: Հարցին ի պատասխան Սաբիրօղլուն միայն նշեց՝ շատ նորմալ:

ԳԱԼԱ-ի հարցին, թե այժմ որտեղ է գտնվում Հակոբ Ինջիղուլյանը, խոսնակը, որքան էլ տարօրինակ է, նշեց. «Չեմ կարող ասել, չգիտեմ»:

Սաբիրօղլուն, ի դեպ, եւս մեկ անգամ համոզված ընդգծեց, որ ադրբեջանական կողմը հայ ռազմագերու հետ կապված Ժնևյան կոնվենցիայի որևէ դրույթ չի խախտել:

ՊՆ խոսնակի հետ զրույցում հիշեցրինք, որ համաձայն Ժնևյան կոնվենցիայի՝ զինգերին յոթօրյա ժամկետում պետք է իր ընտանիքի անդամներին ուղարկի բաց նամակ և տեղեկացնի իր որպիսությունն ու գտնվելու վայրը, այնինչ ադրբեջանական սահմանը պատահմամբ հատելուց հետո անցել է տասը օր, սակայն Հակոբից նրա ընտանիքի անդամները որևէ տեղեկություն չունեն (բացառությամբ ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկի՝ Հակոբի հետ ունեցած հակաօրինական հարցազրույցը. Ս.Ղ.), իսկ ԿՄԽԿ-ի Ադրբեջանի գրասենյակից, ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջինիս չեն այցելել և չգիտեն, թե նա ինչ առողջական վիճակում է:

Մանրամասները` այստեղ: