Վազգեն Ա (Լևոն-Կարապետ) Պալճյանը նախնական կրթությունն ստացել է Օդեսայի (Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) տարիներին այնտեղ էր հաստատվել Պալճյանների ընտանիքը) հայկական նախակրթարանում։ Ռումինիայում վերահաստատվելուց հետո սովորել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924–26 թթ-ին՝ Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում։ 1936 թ-ին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937 թ-ին՝ գործնական մանկավարժության բաժինը։
1930-ական թվականներից ռումինահայ գաղութի խնդիրներն արծարծել է «Մարտկոց» թերթում (1933 թ., Փարիզ), ապա՝ Բուխարեստում իր հիմնած «Հերկ» ամսագրի 12 համարներում (1937 թ-ի հունիսից 1938 թ-ի մայիս): 1929–43 թթ-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942–44 թթ.) կազմում։ 1943 թ-ի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ. Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–55 թթ.):
1948 թ-ի մայիսի 23-ին Սբ Էջմիածնի Մայր Տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թ-ի մայիսին՝ եպիսկոպոս։ 1954 թ-ի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները։ 1955 թ-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։
Հայ ժողովրդի կողմից անչափ սիրված Վազգեն Առաջինը մահացել է 1994 թ. օգոստոսի 18-ին։