Երևանում քիչ են եղել այն քաղաքապետերը, որոնք չեն անհանգստացրել երևանցուն ու վնաս չեն հասցրել քաղաքացուն: Իսկ ահա հատկապես վերջին տասնամյակում մեր քաղաքը դատապարտված է ունենալ ամեն կերպ քաղաքացուն վնասող ու անհանգստացնող քաղաքապետեր: Դրանցից մեկը Կարեն Կարապետյանն է, ով ոչ միայն իր պաշտոնավարման ժամանակ աչքի ընկավ բացասական գործունեությամբ, այլև ներկայում իրեն պատկանող օբյեկտն է անհանգստություն պատճառում երևանցիներին: Գրում է GalaTV.am-ը:

Երևանի նախկին քաղաքապետ, «դրայվի» սիրահար Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենսիա» ռեստորանից ամեն երեկո մոտ տասը րոպե պարբերականությամբ թնդանոթի արձակում հիշեցնող հրավառություն է արվում, ինչը անհանգստություն է պատճառում բնակիչներին և երբեմն վախեցնում մարդկանց: «Ֆլորենսիա» ռեստորանը գտնվում է Հրազդանի կիրճում, և երբ այնտեղից այդպիսի հզորությամբ հրավառություն են անում, Հրազդանի կիրճի աջ և ձախ ափերին գտնվող բազմաթիվ շենքերը հրավառության հզորությունից սկսում են դղրդալ, ինչպես նաև միանում են բակերում և անգամ ավտոտնակներում կանգնած մեքենաների ազդանշանները, և այդ ամենը միասին տարածքում բարձրացնում են սարսափելի աղմուկ: Նկատենք, որ այդ ժամին քնած են լինում երեխաները, ծերերը, շենքերում լինում են նաև վատառողջ մարդիկ, և այդ աղմուկը բնականաբար ոչ մեկին հաճելի չէ:

Ի դեպ Հալաբյան փողոցում, որը գտնվում է ուղիղ ռեստորանի վերևում, շենքերի մեծ մասը վթարային են, և այդ հրավառության դղրդյունը խարխլում է տեղից էլ խարխուլ շենքերը: Հրավառությունից հետո էլ մինչև ուշ գիշեր մարդիկ չեն կարողանում քնել ռեստորանի բացօթյա հատվածում հնչող բարձր երաժշտությունից: Տպավորություն չստեղծվի, թե մենք դժգոհում ենք, որ մարդիկ ծնունդ կամ հարսանիք են անում, բայց այդ ամենը պետք է այնպես անել, որ արդյունքում չտուժեն մյուսները:

Մանրամասները` այստեղ: