ՌԴ Հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովն աջակցություն է հայտնել Ուկրաինայի հայազգի պատգամավորներ Վիլեն Շատվորյանի և Արսեն Ավակովի նախաձեռնությանը՝ երկրի Գերագույն ռադայի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման հարցում, գրում է AnalitikaUA.net -ը։
«Հուսադրող է, որ առաջարկության հեղինակներն Ուկրաինայի երկու հակադիր կուսակցությունների ներկայացուցիչներ են։ Ես կարծում եմ, որ ջարդերը Սիրիայում, պատմական և քրիստոնեական վանքերի ավերումը Եգիպտոսում տեղի են ունենում պատմության վայրագությունների հանդեպ մարդկության կարճ հիշողության պատճառով»,-ասել է նա։
Նա նշել է, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական դատապարտումը պարզապես պատմական հիշողության օր չէ, դա պատմության վահան է, որը կարող է կանխել աշխարհի տարբեր անկյուններում սարսափելի իրադարձությունները։
Ինչպես արդեն հաղորդվել էր, Ուկրաինայի Գերագույն ռադան հուլիսի 6-ին գրանցել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ճանաչել 1915թ.-ին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Ցեղասպանությունը։
Օրինագծի հեղինակը Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովն են։ Հայաստանի ԱԳՆ-ն արդեն աջակցություն է հայտնել այդ նախագծին։