Եգիպտոսի խորհրդարանը, հնարավոր է, ընդունի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, ինչպես նաև հարցը բարձրացնի միջազգային ատյաններում: Այդ մասին հայտնել է Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը, որը Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է, որ իր երկիրը ՄԱԿ-ում կբարձրացնի Հայոց ցեղասպանության հարցը: Ինչ խոսք, անցած դարասկզբի արյունալի իրադարձությունների ճանաչման ցանկացած փաստ ուրախալի է, սակայն ցավալիորեն հերթական անգամ հայկական հարցը դառնում է պետությունների հարաբերություններում միմյանց ճնշելու, սպառնալու գործոն, և կարող է դառնալ այն մանրադրամը, որով կվճարեն եգիպտաթուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացման համար: Սակայն հնարավոր ճանաչման քննարկումների ֆոնին մենք ականատես կլինենք ադնակլասնիկաֆեյսբուքյան շինիչ հայրենասիրության բացառիկ դրսևորումների, ցեղասպանության թեմատիկայով լուսանկարների և տարաբնույթ վերամբարձ գռմռոցների տիրաժավորման աննախադեպ արտադրական վերելքի: Արտաքին աշխարհը հուժկու հարված կստանա ժխտողական քաղաքականության և հայատյացության համար, Եգիպտացիները յոթը պորտով կհռչակվեն մեր բարեկամներ և եղբայրներ, մինչդեռ լալահառաչ հայտարարությունների և միջազգային տարաբնույթ ատյաններին ապտակելու շառաչների արանքում խնամքով կթաքցվի այն ներքին ապտակը, որ պետք է հասցնեինք ազգային ցավի դիվանագիտական պտուղները միջազգային սև շուկա հանելու և այն չնչին գներով վաճառելու համար:
Եվ ինչ պատասխան պետք է տանք ցեղասպանության արդյունքում բեկորված հայությանը, որ սեփական պետության գոյության և դիվանագիտական հսկայական կորպուսի առկայության պայմաններում աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում ռազմավարական դաշնակից Ռուսաստանում, ամեն տարի բազմաթիվ հայեր են սպանվում ազգայնականության հողի վրա, սակայն վիճակագրությունը փաստում է, որ այդ դեպքերի աղաղակող մեծամասնությունը արդարադատության մարմինների կողմից կոծկվում են կամ փոխարինվում մեղմ և սիմվոլիկ պատիժներով: Արդյոք սպանված մարդկանց քանակը որևէ էական նշանակություն ունի, չէ որ ցանկացած հայ, որը սպանվում է իր ազգային պատկանելության պատճառով, ցեղասպանության զոհերի շարունակությունն է, այս անգամ այլ դերակատարներով: Եվ ինչպե՞ս հասկանալ հայկական դիվանագիտական կորպուսի անդեմ վերաբերմունքը նմանատիպ փաստերին, երբ ցեղասպանված ժողովրդի արտաքին քաղաքականությունը ագրեսիվ պետք է լիներ ցանկացած հայի կորստի նկատմամբ...
Հունգարիայում հայ սպայի կացնահարումը իր երկրի քարոզչությունից բթացած և հայատյացության համախտանիշով տառապող մարդակերպ անասունի կողմից ընդամենը մի քանի խրոխտ և ոգեղեն հայտարարությունների և մեկ-երկու կիսատ-պռատ, քայլերի շղթա և տրամաբանություն չենթադրող դիվանագիտական գործողությունների պատճառ դարձավ: Հետագայում հանցավոր անտարբերության մատնված սրիկան իր երկրի կողմից գնվեց որպես նախիրի սիմվոլ և հերոսացվեց: Ցեղասպանված ժողովրդի արտաքին դիվանագիտական կորպուսը իրավունք ունի՞ լռության մատնել եղեռնի այս հերթական արարը՝ իր հովանու տակ ծվարած հայությանը այդպես էլ վստահություն չներշնչելով և հայության անվտանգության համար միջազգային կռիվ չտալով...
Հրանտ Դինքի սպանությունը, անշուշտ, ցեղասպանության իրողության վերահաստատումն ու շարունակությունն էր: Շնորհիվ Հրանտի միջազգային ճանաչվածության աստիճանի և նրան շրջապատող մարդկության քաղաքակիրթ հատվածի՝ «Ակոս»-ի խմբագրապետի սպանությունը ստացավ լրջագույն միջազգային գնահատական, սակայն Հայաստանի սահմաններից դուրս բնակվող հայերի ֆինանսական և լոբբիստական հսկայական կարողություններից օգտվող հայ դիվանագիտական կորպուսը առ այսօր շարունակում է անտարբեր վերաբերմունք դրսևորել և դիտորդի մակարդակում հետևել, թե 21-րդ դարում ինչպես է Ստամբուլի կենտրոնում շարունակվում Հայոց ցեղասպանությունը: Նաև այդ անտարբերության արդյունքում Թուրքիայում շարունակվում են հակահայկական տրամադրություններն ու սպանությունները...
Հայ-թուրքական հայտնի արձանագրություններից հետո գրեթե մեռյալ կետի հասցված ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը որևէ շարունակականության միտումներ, բացի որոշակի տարերային բռնկումներից, չի ցուցաբերում: Արդյոք Սաֆարովի տխրահռչակ էքստրադիցիան այն դիվանագիտական խթանը չէ, որը պետք է նոր թափ հաղորդեր գործընթացին...
Քանի դեռ տարատեսակ «ճանաչումները» միջպետական «բազարների» արդյունք են՝ զրո արժեք ունեն հայկական հարցի լուծման համար: Իսկ ցեղասպանության լիարժեք ճանաչումը հնարավոր կլինի այն ժամանակ, երբ հայկական պետությունը կարողանա կանխել վերը շարադրված ցեղասպանության ճյուղավորումները, կարողանա պաշտպանել ամեն մի հայի՝ անկախ Հայրենիքից նրա հեռավորության աստիճանի, կարողանա վերացնել անջրպետը, որ առկա է Հայաստանի և սփյուռքի միջև, այդ դեպքում գուցե հայկական հարցի լուծումը այդքան մշուշոտ չի թվա...
Վարուժան Բաբաջանյան