Խոշոր չափերի խարդախության մեջ մեղադրվող Արտուշ Սարուխանյանը ճանաչվել է անմեղ ու դատարանով արդարացված՝ հանցակազմի բացակայության հիմքով: Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Լ. Ավետիսյանի նախագահությամբ, օգոստոսի 5-ին կայացրել է արդարացման դատավճիռ: Ըստ Ա.Սարուխանյանին ներկայացված մեղադրանքի՝ նա գումարը տուժողից վերցրել է նրա եղբորը` Վ.Մկրտչյանին Արտաշատ քաղաքում տեղակայված ռուսական զորամասում ժամկետային զինծառայության տեղավորելու պատրվակով: Դատաքննության ժամանակ առաջադրված մեղադրանքում Արտուշ Սարուխանյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատարանը գտել է, որ գործով տուժող Տիգրան Մկրտչյանի, վկաներ Վահագն Մկրտչյանի, Գոհար Մեսրոպյանի, Լուսինե Կիրակոսյանի, Գյուլնարա Սաֆարյանի և ամբաստանյալ Արտուշ Սարուխանյանի ցուցմունքներով հիմնավորվել է, որ ամբաստանյալ Ա.Սարուխանյանը Տ.Մկրտչյանի կամ նրա ընտանիքի անդամների կողմից իրեն գումար հանձնելու վերաբերյալ նախաձեռնություն չի դրսևորել: Ընդհակառակը, նախաձեռնությունը դրսևորել են Տիգրան Մկրտչյանը և նրա ընտանիքի անդամները՝ խնդրելով Ա.Սարուխանյանին լուծել ՌԴ զորամասում Վ.Մկրտչյանին ծառայության տեղավորելու հարցը: Սարուխանյանը չի ճանաչել Գոհար Մեսրոպյանին և նրա ընտանիքի անդամներին: Գ.Մեսրոպյանն իր որդուն` Վ.Մկրտչյանին ՌԴ սահմանապահ զորամասում ծառայության տեղավորելու հարցը լուծելու իր ունեցած ցանկության մասին հայտնել է իր աշխատակցուհուն` Գ.Սաֆարյանին, որն էլ իր հերթին այդ մասին հայտնել է իր ընկերուհուն` Լ.Կիրակոսյանին, և խնդրել հնարավորության դեպքում, օգնել Գոհար Մեսրոպյանին: Լուսինե Կիրակոսյանը, իմանալով իր վաղեմի ծանոթ Ա.Սարուխանյանի ունեցած մեծ ծրջապատի և կապերի մասին, 2012թ. հունիս ամսվա սկզբներին Գ.Մեսրոպյանին և նրա որդուն ներկայացրել է Ա.Սարուխանյանին և վերջինիս խնդրել օգնել նրանց: Ա.Սարուխանյանը որևէ խոստում չի տվել և ասել է, որ ինքը նման հարցերով երբեք չի զբաղվել, որպես պաշտոնատար անձ կամ որպես պաշտոնատար անձի ընկեր չի ներկայացել, Տ.Մկրտչյանին կամ նրա ընտանիքի անդամներին չի համոզել, չի հորդորել իրեն գումար հանձնել` նրանց խնդրանքը կատարելու համար: Ա.Սարուխանյանը, ընդառաջելով իր մտերիմի` Լ.Կիրակոսյանի խնդրանքին, խոստացել է հետաքրքրվել այդ հարցով: Սարուխանյանը որևէ փաստ չի խեղաթյուրել և այդ եղանակով գումարն իրեն անցնելու օրինական հիմքերի մասին սխալ պատկերացում տուժողի մոտ չի ստեղծել: Առաջին հանդիպման ժամանակ Ա.Սարուխանյանը փորձել է զանգահարել իր ընկերոջը, որը համաձայն նրա և Լ.Կիրակոսյանի ցուցմունքների՝ ՌԴ ԶՈՒ բարձրաստիճան զինվորական է, սակայն չի կարողացել կապ հաստատել նրա հետ` վերջինիս հեռախոսն անհասանելի լինելու պատճառով: Լուսինե Կիրակոսյանը Արտուշ Սարուխանյանի հեռախոսահամարը նրա համաձայնությամբ հանձնել է Գոհար Մեսրոպյանին՝ պատճառաբանելով, որ ինքն ամեն անգամ միջնորդի դերում հանդես չգա:

Ա.Սարուխանյանի և գույքը տիրապետողի կամ դրա սեփականատիրոջ միջև ձևավորված վստահության հարաբերություններ չեն եղել, հետևաբար, ըստ դատարանի, Ա.Սարուխանյանը չի օգտվել և չէր կարող օգտվել իր և տուժողների միջև ձևավորված վստահության հարաբերություններից: Տ.Մկրտչյանին կամ նրա ընտանիքի անդամներին որևէ կերպ չի համոզել գումարը հանձնել իրեն: Ընդհակառակը, տուժող Տ.Մկրտչյանը և նրա ընտանիքի անդամներն են Ա.Սարուխանյանին հայտնել, որ իրենց ծանոթը, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, ծառայում է Արտաշատում տեղակայված ռուսական զորամասում, հայտնել են նաև, որ, ըստ իրենց ունեցած տեղեկության՝ իրենց ծանոթն այդ հարցը լուծել է 3500 ԱՄՆ դոլար տալու միջոցով: Դրանից հետո միայն Տիգրան և Վահագն Մկրտչյանները տարել և «Արևելյան խոհանոց» սրճարանում Ա.Սարուխանյանին են փոխանցել 3500 ԱՄՆ դոլար գումարը: Տուժողը և նրա ընտանիքի անդամները նույնպես չեն ժխտում, ըստ դատարանի, որ մինչև Ա.Սարուխանյանի ձերբակալվելը իրենք նրան տված գումարը հետ չեն պահանջել, որպեսզի նա այն վերադարձրած չլիներ:

Ընդհակառակը, Ա.Սարուխանյանը, համոզվելով, որ չի կարողանում Մկրտչյանների խնդրանքին օգտակար լինել, 2012թ. հունիսի 19-ին՝ գիշերը, հեռախոսով պայմանավորվել և Մկրտչյանների տան մոտ հանդիպել է տուժողին և նրա եղբորը՝ հայտնելով, որ «չի կարողացել մարդ գտնել» և օգնել նրանց, փորձել է ծրարի մեջ դրված գումարը վերադարձնել Տիգրան Մկրտչյանին: Նշված հանգամանքը իր ցուցմունքներով չի ժխտել նաև տուժողը:

Վերջինս հայտնել է նաև, որ եթե իրեն հաջորդ օրը ռազմական ոստիկանություն չտանեին, ինքը հանցագործության մասին հաղորդում չէր տա: Դատարանը հանգել է հետևության, որ Ա.Սարուխանյանն ինչպես մինչև Տ.Մկրտչյանի կողմից գումարն իրեն հանձնելը, այնպես էլ ընդհանրապես, այդ գումարը հափշտակելու նպատակ չի ունեցել:

Դատարանն արձանագրել է, որ մեղադրանքի հիմքում դրված և մեղադրական եզրակացությունում շարադրված ապացույցների շարքում առկա չէ ոչ մի փաստական տվյալ այն մասին, թե ինչ հանցավոր վարքագիծ է դրսևորել Ա.Սարուխանյանը, որով ներգործել է Տ.Մկրտչյանի գիտակցության և կամքի վրա, որի արդյունքում վերջինս, ընկնելով մոլորության մեջ, անձամբ գումար է հանձնել Ա.Սարուխանյանին։ Այսինքն` գործի նյութերով հիմնավորված չէ Ա.Սարուխանյանի կողմից այնպիսի արարքի կատարում, որը կգնահատվեր որպես խարդախություն։ Հետևաբար, բացակայում է խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը` վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով ուրիշի գույքին տիրանալը։ Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ մեղադրանքի կողմը չի ներկայացրել որևէ հիմնավոր ապացույց Ա.Սարուխանյանի արարքում խարդախության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայության մասին։

Այսինքն` չի հիմնավորվել, որ մինչև Տ.Մկրտչյանի գույքը վերցնելը կամ գույքին տիրանալը Ա.Սարուխանյանը դրսևորել է գույքի հափշտակման ուղղակի դիտավորություն և ունեցել է այն հափշտակելու նպատակ։ Այդ դեպքում խարդախության դիտավորությունը բացակայում է։ Այսինքն` Ա.Սարուխանյանի արարքում բացակայում է խարդախության հանցակազմի և՛ օբյեկտիվ կողմը և՛ սուբյեկտիվ կողմը, ուստի ամբաստանյալ Արտուշ Սերյոժայի Սարուխանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր չկան: