Բելգիայի թագավորական պալատը դատապարտել է Google կազմակերպության «մեթոդները» այն բանի համար, որ վերջինս իր առցանց քարտեզում տեղադրել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի նստավայրի եռաչափ, տիեզերքից արված լուսանկարները:
Ինչպես հաղորդում է RTL-TVI հեռուստաալիքը, քարտեզում հստակ երևում է ինչպես պալատը, այնպես էլ նրա շրջակա տարածքը, ինչը, ըստ փորձագետների, մեծացնում է զինված ներխուժման վտանգը: Նկարներում երևում են նաև թագավորի և նրա կնոջ կողմից տեղադրված պառկելաթոռները:
Նշենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ 1954-ից արգելվել է օդից լուսանկարել թագավորի նստավայրը, ինչպես նաև թռիչքներ կատարել այդ օդային տարածքով:
«Թագավորական պալատը համաձայնություն չի տվել նման լուսանկար անելու համար: Թագավորական տիրույթների վրայով թռիչք իրականացնելու արգելքը տարածվում է ինքնաթիռների և այլ թռչող սարքերի վրա»,- ասվում է պալատի հայտարարության մեջ:
Բելգիայի թագավորական պալատը պատրաստվում է բողոք ներկայացնել ընկերության դեմ:
Մյուս կողմից՝ Google-ն իր զարմանքն է հայտնել թագավորական ընտանիքի նման արձագանքի վերաբերյալ, քանի որ Բրյուսելի առցանց քարտեզը համացանցում հասանելի է 2011-ից: Այնուամենայնիվ, ընկերությունը պատրաստակամություն է հայտնել կարգավորել խնդիրը թագավորական ընտանիքի հետ: