www.tert.am Վանուշ Շերմազանյանը մեր նորագույն պատմության քայլող փաստավավերագրությունն է։ Նա եղել է «հայտնի» և ավելի հայտնի ուժերի կողքին նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք «անկոշիկ, անկոպեկ ու անկոնյակ» նստած էին բանտում, ու դժվար էր երևակայելն անգամ, որ կարճ ժամանակ անց նրանք հայտնվելու են իշխանական պալատում, ապա պատերազմելու և հաղթելու անսանձ թվացող հակառակորդին, հետո իրենց տակից իշխանական ձին փախչելու էր աննկատ ու գնար կանգներ փոքր եղբոր դռանը, որին գիրկապով հրահանգված էր չուրանալ։ Վանուշն իր տեսած այդ ամենամեծ գրողի մասին արդեն գրել է իր «Վեր կաց, Հրանտ, վեր կացը», ու մեր հարցազրույցը նրա հետ, եթե Ձեզ համար արժեքավոր չհամարեք, իմացեք, որ հենց այս զրույցում է նա խոստացել, որ կշարունակի իր ընդհատված գիրը։
- Դե արի Վանուշին տես ու մի հարցրու, թե ինքն ինչո՞ւ այսօր չի գրում։ Չէ՞ որ մենք նրա «Վեր կաց, Հրանտ, վեր կաց»–ը կարդացել ենք արդեն ու գիտենք, որ նա գրալի մարդ է։ Բա, հենց այսպես է պատահում, քեզ համար ազատ, արձակ ման ես գալիս, մեկ էլ հրեն, կացինը սրած... մեկը դեմդ կտրում է ու այս խիստ ինտիմ հարցը տալիս։
- Անկեղծ ասե՞մ։ Ես չգիտեմ ինչի մասին գրել: Երբ 1988-ից հետո այն ամենաարժանավորները գնացին ու զոհվեցին, իսկ հիմա մենք կարծես թքում ենք նրանց հիշատակի վրա, ես, մի տեսակ, չգիտեմ ինչու գրել, ինչ գրել ...
- Խռովե՞լ եք մեզնից։
- Գիտե՞ս, մենք պատահական ենք ողջ մնացել և այսօր ապրում ենք: Իզո՞ւր անցավ այս ամեն ինչը: Այստեղ պատասխանատվության խնդիր կա:
- Բայց գրով են աշխարհը սարքում: Հրանտ Մաթևոսյանը չէ՞ր ասում, որ ամեն ինչ նախ լինում է գրի մեջ: Գրում ես, որ լինի, չէ՞։
- Հա։ Եվ միայն գրականությունը չէ, կինոն էլ: Նայիր, Էմիր Կուստուրիցային իր երկրում երբեք չեն ընդունել: Կարգերը փոխվեցին, երկիրն իր ուզածով չեղավ, նրան հալածում էին, ու քաղաքականությունն այնպես էր, որ նրա համար բոլոր ճանապարհները փակված էին...
- Կներեք, բայց ի՞նչ քաղաքականություն ... Մարդն ասաց՝ ջհանդամը ձեր քաղաքականությունը, գնաց իր համար համ իր գյուղը սարքեց, համ՝ իր կինոն։ Հո մեր Փելեշյանի պես չանհետացա՞վ, որ օր ծերության դարձյալ հրաշքի է սպասում, թե այս աղքատ երկիրը երբ պիտի իր համար փող գտնի, որ ինքն էլ նրան լավ կինոյի տեր սարքի։
- Դե հիմա ասա, իսկ ինչո՞ւ պիտի նրա պես տաղանդավոր ռեժիսորի համար մեր այս երկրում փող չգտնվի։ Նա մեր այցեքարտը կարող էր լինել ամբողջ աշխարհում, ոչ թե, կներեք, եթիմի պես վիզը ծուռ իր հին, սովետի ժամանակի ֆիլմերը տարածեր, որ ապրեր։
- Դեռևս մի տարի առաջ ես կհուզվեի այսպիսի տեքստերից, բայց հիմա այլ կերպ եմ մտածում. երբ իրերի դրվածքը, եղած իրադարձությունները քեզ չեն բավարարում, դու ինքդ պետք է ստեղծես այդ իրադարձությունը: Իսկ վաղվա իրադարձությունը, նախ և առաջ, լինում է ստեղծագործության մեջ: Հիմա, օրինակ, Հրանտ Մաթևոսյանը կուզե՞ր, որ Դուք գրեիք, թե՞ ոչ:
- Միանշանակ կուզեր, որ ես գրեի:
- Դե ծանր բան կասեմ, ուրեմն՝ ուրացե՞լ եք Ձեր եղբորը:
- Որոշակիություն չկա, հասկանո՞ւմ ես:
- Որոշակիության մեջ ով էլ ասես՝ կխոսի: Հենց մթի, անորոշության մեջ է, որ պետք է խոսքն ասվի, չէ՞։
- Լավ, եթե դու իսկապես հիշում ես «Վեր կաց, Հրանտ, վեր կացը», միայն քեզ համար էլ արժե գրել: Եկող տարի աշնանը քեզ կհրավիրեմ նոր գրքիս շնորհանդեսին: Խոստանում եմ:
– Շնորհակալություն։ Այս հարցազրույցը կարելի էր այսպես էլ ավարտել, եթե չլինեին մյուս կարևոր հարցերը. Հրանտ Մաթևոսյանը վերջին տարիներին ի՞նչ տրամադրության մեջ էր, ի՞նչ էիք խոսում, երբ հանդիպում էիք։
- Գիտե՞ս, Հրանտը ցույց չէր տալիս, որ ծանր մտորումների մեջ է: Բայց մի անգամ ինձ ասաց. «Երանի Նարեկացի չունենայինք, բայց մենք 20 միլիոն լինեինք»: Ցավով էր խոսում, որ այսօր հենց քանակը, զոռուզորքն է գոյատևում այս աշխարհում։ Մի օր էլ հարցրի. «Ո՞նց է, որ այսօր հոնքերդ բաց են, մի մեծ բան գտած կլինես», և Հրանտը պատասխանեց. «Միշտ մտածում էի, որ այս ամենը Աստված է հորինել մեզ պատժելու համար, բայց այսօր հասկացել եմ, որ ոչ, մարդն է հորինել։ Ուրեմն, անցնելու ենք»: Նա պահպանողական էր լավ առումով. վախով տարավ այս բոլոր փոփոխությունները: Ասում էր՝ «Իմպերիան փլվում է, և պետք է զգույշ լինենք, որ փլատակների տակ չմնանք»: Եվ ինչ-որ տեղ նա ճիշտ դուրս եկավ, գիտե՞ս:
- Վանուշ, ասում են, որ Ձեր մատը խառն էր Հրանտ Մաթևոսյանի՝ պատգամավոր դառնալու գործում: Վերջում, գիտես, թե ինչ ափսոսանքով էր խոսում նա իր այդ գործունեության մասին:
- Այո, այդտեղ իմ մեղքը կա: 1988-ի փետրվարն էր, «Ղարաբաղ» կոմիտեն էլ՝ բանտում: Գրողների միությունից պիտի թեկնածու տանեինք, եկողն էլ պետք է առնվազն 72 ձայն հավաքեր: Իսկ Հրանտը ողջ Խորհրդային միությունով մեկ ահռելի հեղինակություն ուներ: Նրան պաշտում էր ոչ միայն ողջ Միության գրողական աշխարհը, այլև կինոյի հայտնիների բուրգը. Ես տեսել եմ այդ սերը: Ես գիտեի, որ Հրանտից շատ գրողներ կամաչեին և կքվեարկեին մեր օգտին: Իսկ այնտեղ դրված էր Ղարաբաղի հարցը: Եվ Հրանտն ընտրվեց:
– Հիմա եկեք ավելի անկեղծ լինենք. Ձեր կարծիքով, Ղարաբաղյան շարժումն ինքնաբո՞ւխ մի բան էր, թե՞ դրսի ձեռքն, այնուամենայնիվ, կար։
– Ղարաբաղյան շարժման ռեժիսորներն ու սցենարիստները դրսից էին: Դեռևս Մոսկվայում «Ազատություն» ռ/կ-ով լսել էի, որ ԱՄՆ-ում կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, և այնտեղ Զիգմունդ Բժեզինսկին հրապարակել էր այդ հայեցակարգը, որ ազգային հարցերի բարձրացմամբ հնարավոր է փլուզել Խորհրդային Միությունը: Կհիշես, սկզբում այդ դրոշը տվեցին Ղրիմի թաթարներին, ապա այդ փոխանցիկ դրոշը հանձնվեց մեզ: Այսինքն, 88-ը ամենևին էլ ինքնաբուխ մի բան չէր: Բայց ուրախանալին այն է, որ ամեն ինչ չէ, որ իրենց ուզած հունով գնաց։
– Ճ՞իշտ է, որ «Ղարաբաղ» կոմիտեն, երբ «Բուտիրկայում» նստած էր, առաջին ամիսը նրանց ետևից ոչ ոք չի եկել, մի ուտելիք կամ հագնելիք էլ չեն տարել։
– Այո։ Ամեն շաբաթ Մոսկվայում՝ եկեղեցու բակում, հավաքվում էին առնվազն 3 հազար մարդ և պատմում, որ «Ղարաբաղ» կոմիտեի այսինչը կամ այնինչը իրենց ընկերն ու բարեկամն է: Բայց փաստացի ոչ մի օգնություն չկար: Պատկերացրեք, մենք մարդ չէինք գտնում, ով կգար, կոմիտեի անդամների համար ստորագրություն կտար, որ իր բարեկամն է, որպեսզի կարողանանք «պերեդաչա» կամ թեկուզ մի ներքնաշոր ուղարկել: Ընդամենը մի Գալինա Ստարավոյտովա էր, որ պատգամավոր լինելու շնորհիվ կարողանում էր ներս մտնել: Մեր տղաների ազատման համար Մոսկվայում Գալինա Ստարավոյտովայի հետ դեպուտատներից 101 ստորագրություն կարողացանք հավաքել: Բայց Հայաստանից ընդամենը մի քանիսն էին ստորագրել՝ մի Սոս Սարգսյան, մի տրակտորիստ և մի կոմբայնավար: Հաջորդ ամսին տղերքի ընտանիքները հազիվ եկան–հասան:
– Բայց ասում են, թե Դուք այն պատմական անձնավորությունն եք, որ այդ օրերին Վանո Սիրադեղյանին դեղին կոշիկներ եք տարել։ Ո՛չ էս կողմ, ո՛չ էն՝ հենց դեղին։
– Լսիր, դու եթե մի քիչ էլ ասեղը կոխես, կարող է էդ էլ պատմեմ: Ես ու Անահիտ Բայանդուրը Մոսկվայում Վանոյի համար կոշիկ էինք փնտրում, մենք սևն էինք ուզում գնել, բայց, հակառակի պես, բոլորը քուղերով էին, հարմարը չգտանք: Դե, կանոններ կան. Կոշիկը պետք է քուղերով չլինի: Վերջը, առանց քուղերի կոշիկ չգտանք ու ճիշտ է՝ երեխայի տակն ի՞նչ գույնի է թրջվում, հենց էդ գույնից առանք տարանք, հետն էլ՝ քուղերով։ Հիմա սրանք չեն ընդունում մեր տարած կոշիկը, թե՝ «Կարող է կախվի»: Ես էլ ասացի՝ “Դուք չգիտեք, թե այս մարդն ինչ նպատակներ ունի, նա երբեք չի կախվի»:
- Վանուշ, իսկ Մոսկվայում «Կունկ» կոմիտեին չէի՞ք դիմավորում: Նրանցից ովքե՞ր էին այդ օրերին Մոսկվա գնում–գալիս:
- Այո, դիմավորում էի: Ռոբերտ Քոչարյանը միշտ կար: Մանուչարովն էր, Լեոնարդ Պետրոսյանն էր: Կային, որ «Կռունկի» անդամ չէին, բայց գալիս էին:
- Սերժ Սարգսյանը չկա՞ր:
- Կոնկրետ չէր գալիս, բայց նա կար: Կազմակերպչական բոլոր հարցերում նա, անպայման, կար:
- Լավ, ե՞րբ սկսվեց հակասությունների կծիկը, այսպես կոչված «հայտնի ուժերի» և ավելի հայտնիների միջև:
- Որոշ մարդիկ դրա սկիզբը կապում են Վանոյի ու Վազգենի, այսպես կոչված, կռվի հետ: Բայց ես ձեզ մի բան ասեմ. Վանոն ու Վազգենը երբեք չեն կռվել: Վազգենը միշտ իրեն համարել է Վանոյի կրտսեր եղբայրը: Նրանք նաև հոգևոր եղբայներ էին, գրական եղբայրներ: Երբ Հրանտ Մաթևոսյանն իրեն շատ լավ էր զգում, միշտ ասում էր. «1918 թվականի պես է՝ իշխանության մեջ կան գրողներ, որոնց սիրտը տրոփում է հայրենիքի հետ»: Մի բան պարզ է, որ այդ հակասությունները միշտ հրահրվել են դրսից: Ինչպե՞ս կարող է մերձավորը մերձավորի դեմ դուրս գալ:
– Դե, մեր ուշքն էլ գնում է դրսերից հրահրվելու համար, ոչ մի հակավիրուս չունենք, ոնց որ բոլորս մարտական առաջին պատրաստության ենք բերված հատուկ դրսերի խայծը կուլ տալու համար։ Հենց մի զեռուն է կծում, ազգովի թունավորվում ենք։ Էս ի՞նչ հալի ենք, լավ։
– Հակավիրուս չունենք, որովհետև ամեն սերունդ գալիս է և մի իդեա-ֆիքս է ստեղծում, կարծես մենք հենց նոր ենք ծնվել, պատմություն չունենք: Մեր երկիրը միայն Սովետի ժամանակ հնգամյա, հետո յոթնամյա պլան ունեցավ, մնացած դեպքում՝ իրավիճակային է եղել ամեն բան։ Մեզ ոնց կասեն՝ կանենք. Պարսկաստանը կասի, հետո՝ Բյուզանդիան, հետո թուրքը, հետո ռուսը: Ֆուտբոլի գնդակի պես այսկողմից այնկողմ՝ մեր տեղը չենք կարողանում գտնել։
– Ֆուտբոլային դիվանագետ էլ դարձանք, էլի չփրկվեցինք:
– Չէ. լուրջ խոսենք։ Պիտի շատ Թումանյան կարդալ։ Նա ասում է՝ խաչմերուկում ենք, և մեր վրայով եկել, գնացել են էդ ուժեղները: Չարացել ենք։ Եթե մի վարունգի թուփը տրորում ես մի անգամ, նրա պտուղը հավիտյան դառնանում է: Հրանտից ասացիր, չէ՞, մի ուրացիր քո եղբորը:
– Բայց հիմա դժվարը հենց եղբորը գտնելն է. ցեղակից ունենք, որ ուղղակի ցեղասպանություն կլինի նրան եղբայր կոչելը:
– էդ հարցին էլ է Թումանյանը պատասխանել, ասել է՝ ներսից է գալու փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած: Նայի, հենց մեր ուղղությամբ փռշտում են, մենք լքում ենք մեր երկիրը: Նայեք Ճապոնիային, վախենում էին երկրաշարժից՝ եղավ երկրաշարժ: Սարսափում էին ցունամիից՝ եկավ ցունամին: Սարսափում էին ատոմային ճառագայթումից՝ դա էլ եղավ: Բայց մի ճապոնացի դուրս չեկավ իր երկրից: Ճապոնացիներն անգամ հրաժարվեցին համաշխարհային օգնություններից: Այսօր էլ բարով-խերով ապրում են և զարգանում: Մեզ մոտ երկրաշարժը եղավ, ընտանիքներով գնացին ու չվերադարձան: Որբ երեխաներին տարան ու չվերադարձրին: Պատերազմի ժամանակ էլ՝ նույնը: Մենք միշտ դեպի դուրս ենք գնում և ներս չենք գալիս:
- Դե մենք այդպես ենք կազմված , Աճառյանն ասում է՝ կան ներսից դուրս և դրսից ներս էթնոհամակարգեր. մեզ հենց ներսից դրսի մեջ է նա կարգել։ Բայց, ամեն դեպքում, անկեղծ եմ ասում, ում հետ զրուցում եմ՝ պարզվում է իմացածիցս ավելի վառ ու խելոք է, բայց միասին ինչ հիմարություն ասես, արեցինք։ Էդ ինչու՞ ենք այդ գործում չափից ավելի ժրել։
– Ասում ենք՝ հայը կենսունակ է, ամեն ինչին հարմարվում է: Բայց եկեք մի օր էլ հարմարվենք այս պետությունը ստեղծելուն, ոչ թե քանդելուն: Հավատ չունենք։ Եթե մարդը հավատացյալ չէ, ոչ մի բանի էլ չի հավատա. Իր պետությանը՝ նույնպես։ Ես հենց սկզբից այնքան ոգևորված էի: Ամեն ինչ տնից ենք տարել դրսում որևէ լավ բան սարքելու համար: Ես իմ բոլոր ընկերներին ասում էի՝ «Բերեք, եկեք, վերջապես մեր պետություն ենք կառուցում»: Երանի էդ օրերին։ Մի բան հաստատ է. մշակույթն է մեր փրկությունը, ուրիշ տեղից փրկություն չկա:
- Միշտ այս նախադասությունն ասում ենք ու փակում, այդպես հեշտ է։ Բա լավ, մեր ամենամեծ Թումանյանը, ամենամեծ Կոմիտասը, մյուս մեծերն ինչո՞ւ չկարողացան բարոյապես մաքրել, սրբել մեզ: Եվ մենք եկել հասել ենք այստեղ բավականաչափ թափթփված և խեղճ:
- Որովհետև մշակույթը մեզ համար երբեք չդարձավ պետական հայեցակարգ: Չբարձրացվեց այդքան: Մեծը ազգի նահապետը կարող է դառնալ, նրան կլսեն, նրա մոտ կգնան։ Հրանտ Մաթևոսյանն իր տանը հյուրի, օտարի նկատմամբ իր պահվածքով քեզ ստիպում էր ազնիվ լինել։ 90-ականներին և՛ ներսում, և՛ Սփյուռքից եկողներն ինչ հարցով ասես՝ զանգում էին Հրանտին. մեկ էլ Սոս Սարգսյանն է այդպիսին, զանգում ես, ասում՝ ինձ թալանել են, չգիտեմ, ավտոբուսի կամ գնացքի փող չունեմ, հիվանդ եմ, փող չկա, ու էդ երկու մարդը գիտես, որ երբեք քեզ չեն ասի ՝այ շան տղա, ես որտեղի՞ց քեզ փող տամ։ Որովհետև հենց այդ երկուսը բոլորի ցավն իրենցն են համարել միշտ, ուրիշի երեխան չէ, իր երեխան է, իր աղջիկն է:
- Բայց կյանքը ցույց տվեց, որ այն ժողովուրդները, ովքեր քաղաքականությունը սարքեցին նպատակ, կոնցեպտ, հենց նրանք առաջադիմեցին: Այսինքն՝ քաղաքականության մշակութայնացում արեցին, ոչ թե ընկան մշակույթը քաղաքականացնելու ետևից։ Չգիտեմ, կարողանո՞ւմ եմ միտքս տեղ հասցնել, թե՞ ոչ, բայց հարցս սա է՝ հիմա պիտի մեր պետական գործիչը նվազագույնը Հրանտ լինի՞, որ կարողանանք զարգանալ։
– Ես մի օրինակ ասեմ. Անտոն Քոչինյանը մի օր գնում է Լոռի ու ճամփին տեսնում է շինանյութով բեռնված մի բեռնատար են կանգնացրել, իջնում է, թե՝ «էս մարդն ի՞նչ է արել, ինչո՞ւ եք կանգնացրել»: Դե, զեկուցում են, որ սա առանց թույլտվության է այս շինանյութը տանում, հարցնում է, թե՝ ո՞ւր է տանում, սա թե՝ Աշտարակում տանում են իրենց տներն են սարքում: Քոչինյանը սրա ականջին ասում է՝ «Լսիր, սա պիտի պետությունն աներ, բայց հիմա պետությունը դեռ չի կարողանում, դու իրեն բաց թող, ես գնում եմ հիմա մի հրաման ձևակերպեմ, որ հանրապետությունով մեկ շինանյութով բեռնված մեքենաներն էլ չկանգնացնեն»: