NEWS.am-ում կարդացի, որ օրեր առաջ Լիանա անունով մի աղջիկ «Սթար» սուպերմարկետից գնել է փափուկ խաղալիք՝ իր երեխայի համար։ Վաճառողուհին մոտեցել է հաճախորդին և խանութում գործող ակցիայի շրջանակներում առաջարկել է այնպիսի խաղալիք վերցնել, որ նվերն էլ հետը լինի։ Նվերը, ինչպես պարզվել է, գեղեցիկ փաթեթով սկավառակ էր։ Տանը միացնելով՝ պարզվել է, որ խաղալիքի հետ երեխային 4 ֆիլմ են տվել՝ «Ինտիմ օրագիր», «Ալոճենու ճյուղերի տակ», «Նորվեգական անտառ», «Պիպպի Լիի մասնավոր կյանքը»՝ էրոտիկ տեսարաններով։ Ֆիլմերից երկուսում բաց տեսարանները նույնասեռականների մասնակցությամբ են եղել։ 

Հետաքրքիր է՝ ինչ տրամաբանություն է դրված սուպերմարկետի տնօրինության որոշման հիմքում՝ երեխաների համար վաճառվող խաղալիքներին որպես բոնուս հավելել էրոտիկ ֆիլմեր: Ակնհայտորեն նրանք սեքս շոփերում վաճառվող խաղալիքներն ու մանկական «դինոզավրիկները» իրարից չեն տարբերել: Հակառակ պարագայում գործ ունենք իսկապես չտրամաբանված, իսկապես աննորմալ երևույթի հետ: Եթե կատարվածը գիտակցված քայլ է՝ համապատասխան մարմինները լուրջ անելիք ունեն, իսկ եթե պարզապես թյուրիմացություն է՝ սուպերմարկետի տնօրինությունը պետք է հանդես գա համապատասխան պարզաբանմամբ:

Հետաքրքիր զուգադիպությամբ մոտ մեկ ամիս առաջ Հանքավանում գտնվող «Շողիկ» ճամբարում երեխաների սեռական դաստիարակության դասընթացի ժամերին ցուցադրվել են պոռնոֆիլմեր, կանանց և տղամարդկանց մերկ մարմիններ: