Lragir.am
Պետական ԲՈՒՀ-երում վարձավճարների բարձրացման հետ կապված առայժմ երկու ուշագրավ դեպքեր են գրանցվել: Նախ՝ Աշոտյանի «բանկային մանիպուլյացիաները» և հետո՝ Սերժ Սարգսյանի այցելությունը ԿԳՆ:
Բացառվում է, որ Հայաստանում գտնվի մեկը, ում մտքով կանցնի դասախոսների աշխատավարձների բարձրացման և ԲՈՒՀ-երը լաբորատոր ժամանակակից սարքերով զինելու դեմ խոսել: Այս բացարձակ ճշմարտության ֆոնին իշխանությունների պատճառաբանությունները, թե ուսման վարձերի թանկացումները միտված են կրթության որակի բարձրացմանը, միայն քմծիծաղ են առաջացնում: Այն, որ ձևական «ասֆալտ կփռվի» ԲՈՒՀ-երում, ոչ մեկը չի էլ կասկածում, ինչը բացարձակ կապ չի ունենա կրթության որակի բարձրացման հետ:

Դատելով «ուսանողական վարկ» կոչված երևույթի ոչ տեսական, այլ պրակտիկ գաղափարից, պետք է ենթադրել, որ այն կարող է ոչ թե սոցիալական մեղմացում, այլ ընդհակառակը՝ սոցիալական ծանրություն դառնալ երիտասարդության գլխին: «Ուսանողական վարկերի»-ի տեսությունը, որը ներկայացվում է հանրությանը, բավականին գեղեցիկ տեսություն է, բայց երբ խորանում ենք գործնական շերտերը, հայտնաբերում ենք խնդիրներ, որոնք այդ տեսության շրջանակներում չեն լուծվում և խիստ կապված են երկրի ընդհանուր տնտեսաքաղաքական վիճակի հետ: Նախ՝ պարզ է, որ այդ վարկերից կօգտվեն միայն ծայրահեղ անելանելի վիճակում գտնվողները, ում ծնողներն այս կամ այն պատճառներով անվճարունակ են: Այսինքն, 2013-ի սեպտեմբերի 6-ի ծանր օրը (A կետ) այդ ծնողները հոգեբանորեն տեղափոխում են 2016 թվականի մայիսի 30 (B կետ):

Փորձենք հասկանալ, թե արդյոք B կետը ընտանիքի համար ավելի թեթե՞ւ է A կետից, թե ոչ: Խիստ մոտավոր հաշվարկներով կպարզենք, որ ուսանողը B կետում իր հաշվին կունենա 2-4 մլն. դրամ պարտք: Իսկ նրա ծնողների աշխատունակությունը նույն չորս տարվա ընթացքում հաստատ ավելի բարձր չի լինի: Նշանակում է՝ երիտասարդը կյանք կմտնի պարտքերով և իր երիտասարդական ստեղծագործական պլանները թողած՝ ձեռնամուխ կլինի պարտք փակելու սուրբ գործին՝ ամսական մոտ 200 000 դրամի չափով: Եվ որպեսզի այդ աշխատանքն անի՝ նրան անհրաժեշտ կլինի հաց ուտել ու տրանսպորտով տեղափոխվել տնից աշխատավայր: Եվ եթե հաշվի առնենք, որ 200 000 դրամ աշխատավարձ վճարող գործատուն հաստատ հակահիգիենիկ աշխատողի չի վստահի աշխատանք, ապա մեր հերոսը ստիպված պետք է նաև մեկ-մեկ լողանա, կոշիկ հագնի ու ձմռանն էլ թաշկինակով քիթը սրբի: Այս ամենն իրար գումարելով կտեսնենք, որ մեր հերոսը վերոհիշյալ 200 000-ը աշխատելու համար լրացուցիչ պետք է աշխատի 300 000:

Ընդ որում, պարզվում է, որ այս սխեմայի մեջ ընկնում են այն ուսանողները, ովքեր շատ տաղանդավոր չեն, քանի որ շատ տաղանդավորների համար ԿԳՆ-ն հաստատ արտոնյալ պայմաններ է խոստանում: Ստացվում է, որ միջին որակավորում ստացած ուսանողներն, ըստ ԿԳՆ կանխատեսումների՝ ունենալու են 500 000-անոց կայուն աշխատավարձ: Դե պատկերացրեք, թե ինչքան աշխատավարձով պետք է աշխատեն որակյալ կադրերը: Հակառակ դեպքում, B կետի առավել ծանրությունը A-ի նկատմամբ ակնհայտ կլինի:

Կարելի է իհարկե խորանալ մոդելի մեջ ու շատ «նրբացնել» հաշվարկները, բայց կարևորն այստեղ պատկերն է և ոչ թե կոնկրետ թվերը: Իսկ պատկերն այն է, որ երիտասարդությանը պարաբոլիդով են սեղմում անկյուն: Այսինքն, նրանից որոշել են պոկել ոչ միայն վարձ կասկածելի որակի կրթության համար, այլ նաև վարձի վարձ՝ վարձի քառակուսի: Եվ այստեղ տոկոսադրույթների «աննախադեպ իջեցումը» ոչ մի կապ չունի: Բանկերը եթե շատ են ուզում օգնել ԲՈՒՀ-երին, ապա թող օգնեն ուղիղ ճանապարհով՝ լաբորատոր սարքեր նվիրեն, օգնեն լավագույն դասախոսներին:

Ճնշումները ուսանողության վրա, պետք է ենթադրել, որ գլոբալ իմաստով տարբեր դրսևորումների են հանգեցնելու, չնայած ըստ Աշոտյանի դրանք հանգեցնելու են պարզապես որակյալ ուսանողներին անորակներից «ջոկջկելուն» և ըստ ԲՈՒՀ-երի որակի նրանց բաշխելուն: «…Չի կարելի առանց հնարավորությունների ընդունվել ԵՊՀ-ի իրավաբանական, որի վարձը 800 հազար դրամ է, եթե կողքին կա իրավաբանական ֆակուլտետ Խորենացի համալսարանում 250 հազար դրամով, որը նույնպես տալիս է պետական նմուշի դիպլոմ, ու հետո ասել՝ ես չեմ կարողանում ստանալ իրավաբանական կրթություն: Խորենացիում ստացեք: Ակնհայտ է, որ բոլորի ընտրությունը պայմանավորված է երեք հանգամանքով՝ ցանկություն, ունակություն և կարողություն՝ հնարավորություն ընտանիքում»,- նախարարի խոսքերն են: Ըստ էության, Աշոտյանը վարձավճարների պարաբոլիկ ճնշումից ուսանողների «փախուստի» միակ հանգրվանը տեսնում է «էժան ԲՈՒՀ-երը»: Բայց, ամենայն հավանականությամբ, այստեղ գործելու է նաև ֆիզիկայի օրենքներից Պասկալինը, ըստ որի արտաքին ուժերը հանգեցնելու են ճնշման հավասարաչափ բաշխում բոլոր ուղղություններով: Այսինքն, երիտասարդները բռնելու են արտասահմանյան գուցե թանկ թվացող, բայց հաստատ ավելի որակյալ և ապագա աշխատանքի երաշխիքներ տվող կրթության ճանապարհը:

Սերժ Սարգսյանի շտապ այցը ԿԳՆ դժվար է ասել, թե ինչին էր միտված, քանի որ խորհրդակցությունը փակ էր, առանց լրագրողների: Երկու հավանական տարբերակ կարելի է ենթադրել: Կամ նա Աշոտյանին հավաստիացրել է, որ ուղիղ 4 տարի հետո, երբ բանկերը առանց օր ու ժամ մտածելու կապիտուլյացիայի կենթարկեն հայ երիտասարդությանը՝ իսկապես մեր տնտեսությունն այնքան է աճելու, որ տասնյակ հազարավոր երիտասարդների համար 500 000 դրամանոց աշխատանքը լինելու է սկուտեղի վրա, կամ կանխազգալով այդ տասնյակ հազարավոր ապագա «ծանրորդների» մոտալուտ ընդվզումը՝ Աշոտյանից պահանջել է երաշխիքներ, որ ոստիկանական համբույրներ ուսանողուհիներին չեն լինի: