Ադրբեջանի Ագդաշի շրջանի Մեշեդ բնակավայրում թաղման արարողության ժամանակ գրանցված մասսայական ծեծկռտուքի արդյունքում 5 մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է ադրբեջանական АРА գործակալությունը:
Ըստ գործակալության տվյալների' ծեծկռտուքը սկսվել է հարևանների միջև, որի մեջ ներքաշվել է ավելի քան 50 մարդ: Ծեծկռտուքի մասնակիցները զինված են եղել դանակներով և բութ առարկաներով:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, կռվի պատճառը դարձել է երկու հարևանների միջև թշնամանքը: 2 տարի առաջ ընտանիքներից մեկի ամուսնացած տղամարդը ոչ պաշտոնական հարաբերությունների մեջ է մտել հարևանի աղջկա հետ, արդյունքում աղջկա հորեղբայրը սպանել է նրան' «ընտանիքի պատիվը գետնովը տալու» համար: Այդ ժամանակվանից աղջկա և տղամարդու ընտանիքների անդամների միջև թշնամանք է առաջացել:
5 տուժածների վիճակը միջին ծանրության է: Ծեծկռտուքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: