«Էյր Արմենիա» ավիաընկերության Airbus 320 օդանավը դեռ չի ժամանել Հայաստան և հսակ ժամկետը պարզ չէ, թե երբ այն կգա ու կկարողանա սպասարկել ՀՀ ուղևորներին: Ինչպես 168.am-ին հայտնեց ընկերության արտադրության պետ Վարդան Նազինյանը, միայն օդանավը ժամանելուց հետո կնշանակվի առաջին՝ Երևան-Մոսկվա չվերթը (այն նախատեսվում էր դեռ օգոստոսի 18-ին): Ըստ նրա՝ երբ հստակ տեղեկություն լինի օդանավի ժամանման մասին, կսկսվի նաև տոմսերի վաճառքը: Վ.Նազինյանը նաև տեղեկացրեց, որ արդեն գործում է ձմեռային չվացուցակը, այսինքն հոկտեմբերի 27-ից հետո նախատեսված թռիչքների տոմսերն այժմ վաճառքում կան: Հարցին՝ ինչո՞ւ է ուշանում օդանավի ժամանելը, Վ.Նազինյանը պատասխանեց, որ լուրջ խնդիրներ չկան, օդանավը բերվում է լիզինգով, և շատ մանրուքներ կան, որ պետք է լուծվեն՝ տեխնիկական, ֆինանսական և այլն: Հիշեցնենք, որ մինչ այս բեռնափոխադրումներով զբաղվող «Էյր Արմենիա» ընկերությունը հուլիսին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ստացել է Հայաստանից ուղևորափոխադրումներ իրականացնելու ժամանակավոր թույլտվություն: Այն թռիչքներ է իրականացնելու միայն դեպի Ռուսաստան՝ Մոսկվա, Սոչի, Կրասնոդար, Ռոստով, Սանկտ Պետերբուրգ և Սամարա քաղաքներ։