Հոգիս բուրվառ է մշտավառ, ուր կը ծխան սերերս համայն,
Կը խնկարկեմ ես զայն կյանքի տաճարին մեջ հավերժական,
Բազմահազար հավատացյալ ամբոխներու երեսն ի վեր,
Ու կը ժողվեմ անոնց դեմքեն հավատամքի լույսեր տարբեր...
«Կյանքիս երգը»
Հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ և ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը ծնվել է 1906 թ. սեպտեմբերի 1-ին,
Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում։ Հայրը զոհվել է 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ, մայրը' գաղթի ճանապարհին։ Միսաքը եղբոր հետ հայտնվում է Սիրիայում: 1920 թվականից Լիբանանի Ճյոնիա քաղաքի հայկական որբանոցի սաներ են։ 1925 թ. տեղափոխվում են Ֆրանսիա, սկզբում Մարսել ապա' Փարիզ: 1930 թվականից Ա. Սեմայի հետ հրատարակում է «Ջանք» գրական ամսագիրը։ Աշխատում է Սիթրոեն գործարանում, 1937 թվականից' թողարկում «Զանգու» շաբաթաթերթը, գրում բանաստեղծություններ։ 1935 թվականից ՀՕԿ, իսկ 1937 - ից կենտրոնական վարչության անդամ։
Մանուշյանի բանաստեղծությունները տպագրվել են սփյուռքահայ մամուլում 1930-ականների սկզբներից։ Վաղ շրջանի ստեղծագործություններում տիրապետող են անձնական մտածումներն ու ապրումները։ Հետագայում նաև գրել է աշխատավոր մարդու ցավի ու բանվորական պայքարի, դեպի հայրենիք սիրո մասին:
Բազմաթիվ հայրենասիրական, քաղաքական և քնարական բանաստեղծությունների («Պայքար», «Ընդվզում», «Նամակ Հայաստանեն», «Ամբոխի կանչը» և այլն) հեղինակ է:
Կնոջ' Մելինե Մանուշյանի հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը։ 1943 թ. Մանուշյանի գլխավորած խումբը մոտ 30 հարձակում են գործում գերմանական օկուպանտների վրա։ 1943 թ. նոյեմբերին, Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում և երեք ամիս անց, 1944 թվականի փետրվար 21-ին, իր խմբի 21 անդամների հետ միասին մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։