Lragir.am «Մենք մշտապես հանդիսանում ենք ԱՊՀ եւ Եվրազէսի շրջանակներում տնտեսական կապերի խորացման կողմնակիցներ: Միեւնույն ժամանակ, Մաքսային միության անդամակցումը մեզ համար բովանդակալից չէ աշխարհաքաղաքական մի քանի պատճառներով՝ չկա ընդհանուր սահման թե Ռուսաստանի, Թե Ղազախստանի եւ թե Բելառուսի հետ», 2012 թվականի մայիսի 16-ին ռուսական Վեդոմոստիում հրապարակված իր հոդվածում գրում էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը Հայաստանի հետ ընդհանուր սահման չունեցող Ռուսաստանում հայտարարեց, որ Հայաստանը կայացրել է Մաքսային միությանն անդամակցելու որոշում:
Հարց է առաջանում, թե մեկ տարվա եւ մի քանի ամիսների ընթացքում ինչ եղավ ընդհանուր սահմանի բացակայությունը: Կարծես թե Վրաստանն իր տեղում է, չի դարձել Մաքսային միության անդամ, չի էլ հայտնել այդպիսի ցանկություն: Իրենց տեղում են նաեւ Ղազախստանն ու Բելառուսը: Երեւի թե մնում է, որ Տիգրան Սարգսյանն օֆշորային պատմության ոգով հայտարարի, որ տեղյակ չէ իր հոդվածից եւ դա մեկ տարի առաջ Վեդոմոստիում հրապարակել է ուրիշ մեկը՝ իր անունից:
Հոդվածում Տիգրան Սարգսյանը խոսել է Մաքսային միության հետ Հայաստանի գործակցության այսպես ասած այլընտրանքային տարբերակի մասին: «Սակայն, այդ միավորման պլատֆորմի վրա հնարավոր են գործակցության այլ փոխշահավետ ձեւեր: Անհրաժեշտ են ինտեգրացիայի խթաններ. կա այսպես կոչված «հեռու տարածքների» փորձ, համաձայն որի վերջիններս միության շրջանակում գործակցում են ավելի մեղմ պայմաններով, ստանում են որոշակի արտոնություններ եւ դոտացիաներ: Մենք առաջարկել ենք մշակել Հայաստանի ու Մաքսային միության գործակցության հատուկ ձեւ: Հարցը ներկայումս քննարկման ակտիվ փուլում է», գրում է Տիգրան Սարգսյանը Վեդոմոստիում 2012 թվականի մայիսի 16-ին:
Դրան զուգահեռ, Տիգրան Սարգսյանը նշում է, որ չկա որեւէ հակասություն, որ Հայաստանը Մաքսային միության հետ գործակցության ձեւաչափի քննարկմանը զուգահեռ գտնվում է նաեւ Եվրամիության հետ Ազատ առեւտրի եւ Ասոցացման հասնելու գործընթացում, որով նպատակ ունի արդիականացնել իր տնտեսությունը, առկա չափանիշներն ու որակը:
Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանի արած հայտարարության մեջ չկար որեւէ վերապահում: Թե Սարգսյանը, թե ռուսական կողմը չեն խոսել Մաքսային միության հետ գործակցության հատուկ ձեւի մասին, ինչը պայմանավորված է ընդհանուր սահմանի բացակայությամբ: Գուցե հատուկ ձեւը կա, այդ դեպքում Հայաստանի իշխանությանը հարկ է խոսել այդ մասին եւ ասել, որ Հայաստանը գործակցելու է հատուկ կարգավիճակով, որը չի խանգարի Եվրամիության հետ Ազատ առեւտրի եւ Ասոցացման գործընթացին:
Շարունակությունն` այստեղ: